Victoria's Secret-ի առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանը նկարահանվել է Elle Indonesia-ի սեպտեմբերյան համարում

12:22   3 սեպտեմբերի, 2020

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, շարունակում է երկրպագուներին ուրախացնել նոր ձեռքբերումներով։

23-ամյա Ռուբինան, որը դարձել է Victorias Secret-ի հետ պայմանագիր կնքած առաջին հայուհին, իր միկրոբլոգում նոր կադրեր է հրապարակել։ Ռուբինան հրապարակմանը կից արված գրառման մեջ հայտնել է, որ նկարահանվել է Elle Indonesia ամսագրի սեպտեմբերյան համարում։ Նա համագործակցել է լուսանկարիչ Բրենդան Ուիքսթեդի հետ:

Նշենք, որ նա նկարահանվել է նաեւ Skims ապրանքանիշի գովազդային արշավում. ապրանքանիշը պատկանում է մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանին։

Ավելի վաղ Ռուբինան զարդարել էր ամենահեղինակավոր ամսագրերից մեկի շապիկը. մոդելը հայտնվել էր «Harpers Bazaar Qatar»-ի ամառային համարի էջերին։ «Չեմ կարողանում հավատալ։ Ինձ սա շատ է դուր գալիս»,- իր լուսանկարն այսպես էր մեկնաբանել Ռուբինան։

Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երեւանում 1996թ.-ին։ Նա հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին է։ Երբ Ռուբինան երկու տարեկան է եղել, ընտանիքը Բարսելոնա (Իսպանիա) է տեղափոխվել։ 13 տարի անց նրանք բնակություն են հաստատել Միացյալ Նահանգներում։ 2016թ.-ին Ռուբինան առաջարկ է ստացել գովազդել Victoria's Secret-ի ներքնազգեստը։ Այժմ բացի ֆոտոմոդելի աշխատանքից՝ նա առաջխաղացնում է հագուստի սեփական ապրանքանիշը՝ Rubina Dylan։



© NEWS.am STYLE