21:28 3 սեպտեմբերի, 2013Ամերիկահայ Լարի Կակոսյանի պատկերասրահն ամերիկյան հայտնի նկարիչ Վիլեմ դե Կունինգի ուշ շրջանի 10 գործ կվաճառի: Այս մասին տեղեկացնում է The New York Times-ը: «Willem de Kooning: Ten Paintings, 1983-1985» անվանումով ցուցահանդես-վաճառքը կանցկացվի նոյեմբերի 8-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը:
Ցուցահանդեսը կհամակարգի Ջոն Էլդերֆիլդը, իսկ որպես խորհրդատու հանդես կգա Միացյալ Նահանգներում ծնված եւ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի պատվավոր գլխավոր համակարգող Լարի Կակոսյանը:
Վիլեմ դե Կունինգի հիմնադրամը որոշել է վաճառքի հանել նկարչի կտավները, քանի որ կրթական եւ գիտական նախաձեռնությունների զարգացման համար ֆինանսական միջոցների կարիք ունի: Հիմնադրամի ներկայացուցիչները հույս ունեն 10 նկարի վաճառքից ավելի քան 30 մլն դոլար ստանալ:
Մասնագետները դեռեւս չեն գնահատել կտավները, սակայն հայտնի է, որ վերջերս Christie’s-ի աճուրդում վաճառվել է Կունինգի այդ շրջանի երկու ստեղծագործություն. 1984 թվականին ստեղծվածը՝ 9.7 մլն, 1983-ին ստեղծվածը՝ 4.4 մլն դոլարով:
Վիլեմ դե Կունինգը 20-րդ դարի ամենաթանկ նկարիչներից է: Նա մահացել է 1997 թվականին, 92 տարեկանում: 1989-ին Կունինգի փաստաբանն ու դուստրը՝ Լիզան, նրան անգործունակ հայտարարեցին: Կյանքի վերջին տարիներին նա ոչ մի գործ չի ստեղծել: