«Տղաս երկար էր սպասում այս օրվան». Օլյա Հակոբյանը կրտսեր որդուն ուղեկցել է առաջին դասարան (ֆոտո)

18:04   14 սեպտեմբերի, 2020

Դերասանուհի Օլյա Հակոբյանն այսօր կրտսեր որդուն` Ռոբերտին, ուղեկցել է առաջին դասարան: Օլյայի որդիները սովորում են Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին նշեց, որ անչափ հուզված է եղել առավոտյան, իսկ ավագ որդին` Էրիկը, որն արդեն երկրորդ դասարանում է սովորում, ամեն հարցում օգնում է կրտսեր եղբորը.

«Ռոբը շատ լավ տրամադրություն ունի, երկար էր սպասում այս օրվան, իսկ Էրիկը վաղն է պատրաստվում գնալ դասի, քանի որ երկրորդ դասարան է, եւ նրանց համար դասերը սկսվում են վաղվանից: Նա արդեն մանրամասն պատմել է Ռոբին, թե ինչպես է լինում դպրոցում, թե ինչպես պետք է սովորի, մի խոսքով` ամեն հարցում օգնում է կրտսեր եղբորը»,-ուրախությամբ հավելեց Օլյան, եւ անդրադառնալով կարանտինային պայմաններում դպրոց հաճախելու դժվարություններին` նշեց.

«Անկեղծ ասած` կարանտինային պայմաններն ինձ առհասարակ են խանգարում, իսկ կոնկրետ այսօր դժվար` ինձ ինչ-որ բան խանգարեր, որովհետեւ շատ հուզված էի ու երկար էի սպասում այս օրվան, իսկ վաղը, կարծում եմ, ավելի հուզված կլինեմ, որովհետեւ երկուսով են գնալու դասի:

Բարեբախտավար, իմ երեխաների հետ այդ առումով շատ հեշտ է` միանգամից լսում ու ընկալում են: Միգուցե, տանը որոշ չարաճճիություններ իրենց թույլ տան, բայց դրսում իրենց շատ խելոք են պահում, այդ առումով հանգիստ եմ»:

Այս շրջանում Օլյան նկարահանվում է «Շիրազի վարդը» սերիալում. հարցին` ինչպե՞ս է պատրաստվում աշխատանքի հետ մեկտեղ զբաղվել երեխաների դասերով` դերասանուհին պատասխանեց.

«Դեռեւս զբաղվածությունս շատ է, այսօր ազատ էի, ու ուրախ եմ, որ կարողացա ուղեկցել տղայիս դպրոց: Միշտ էլ կարողացել եմ դա համատեղել, այնպես որ` վստահ եմ` այս դեպքում էլ իմ աշխատանքն ու երեխաների դասերը միմյանց չեն խանգարի»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները տրամադրել է Օլյա Հակոբյանը

 



© NEWS.am STYLE