Ընտանեկան կյանքի ամենաբարդ ժամանակները

21:12   19 սեպտեմբերի, 2020

Ընտանեկան հարաբերությունները երբեք կատարյալ չեն լինում: Հոգեբանները պայմանականորեն ընտանիքում պայթյունավտանգ ժամանակների մի քանի փուլ են առանձնացնում: Հոգեբանի օգնությանը դիմող ամուսնական զույգերի ավելի քան 80%-ը դժգոհում է շփման դժվարություններից: Բայց դրանք ավելի են խորանում համատեղ կյանքի որոշակի ժամանակահատվածներում:

Ամուսնության առաջին տարին

Վիճակագրության համաձայն՝ ընտանիքների շուրջ կեսը քայքայվում են համատեղ կյանքի առաջին տարուց հետո: Նորաթուխ ամուսինները չեն դիմանում կենցաղի փորձությանը: Տարաձայնությունները կարող են վերաբերել պարտականությունների բաժանմանը, իրենց սովորույթները փոխելու հարցում զուգընկերների ցանկության բացակայությանը:

Ամուսնությունից 3-5 տարի անց

Հաճախ հենց այդ ժամանակ են ընտանիքում երեխաներ հայտնվում, իսկ ամուսինները զբաղված են նոր բնակարանը շտկելով, իրենց մասնագիտական խնդիրներով, կարիերայի աճով: Ֆիզիկական եւ նյարդային լարվածությունը խորթություն եւ թյուրըմբռնում է առաջացնում ամուսինների միջեւ: Այդ ընթացքում ռոմանտիկ սիրահարվածությունը վերածվում է ամուսնական ընկերության. ամուսիններն արդեն դաշնակիցներ են, այլ ոչ կրքոտ սիրահարներ:

Ամուսնությունից 7-9 տարի անց

Կարող է հերթական ճգնաժամը սկսվել՝ կապված այնպիսի երեւույթի հետ, ինչպիսին վարժվելն է: Կյանքը քիչ թե շատ կայունացել է, երեխաները մեծացել են: Հաճախ ամուսինները հիասթափություն են զգում՝ իրականությունը համեմատելով մի քանի տարի առաջվա երազանքների հետ: Նրանց սկսում է թվալ, որ հիմա ամբողջ կյանքում միեւնույն բանն է լինելու, ինչ-որ նոր, արտասովոր, թարմ զգացողություն են ուզում:

Ամուսնությունից 16-20 տարի անց

Հնարավոր է եւս մեկ խութ: Այն խորանում է ամուսիններից մեկի միջին տարիքի ճգնաժամով: Վախեցնող զգացողություն է ի հայտ գալիս, որ ամեն ինչի արդեն հասել ես, ամեն ինչ տեղի է ունեցել ե՛ւ անձնական, ե՛ւ մասնագիտական ոլորտում: Արտասահմանյան սոցիոլոգները նշում են ընտանիքի կյանքում եւս մեկ ճգնաժամային ժամանակաշրջան. երբ երեխաները հեռանում են: Ամուսինները զրկվում են իրենց «գլխավոր» գործունեությունից՝ երեխաների դաստիարակությունից:

 

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE