«Հեշտ ժամանակներ չէին. ծնողներս միայն ծննդյան օրերի համար էին կարողանում գումար հավաքել, որպեսզի ինձ եւ քրոջս ուրախացնեին». Իջինը՝ 31-ամյակի ու մանկության տարիների մասին

12:25   19 սեպտեմբերի, 2020

Մոսկվաբնակ երգչուհի Իջինը սեպտեմբերի 16-ին նշել է ծննդյան 31-ամյակը: Իջինն այն կանանցից է, որոնք չեն թաքցնում տարիքը, ավելին՝ սիրում են այն ու հպարտանում տարիների ընթացքում ձեռք բերած հմայքով ու փորձով: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Իջինը խոսել է ծննդյան օրվա ու մանկության տարիների հուշերի մասին:

Անդրադառնալով 31 թվին, երգչուհին նշեց,-«Կարող եմ ասել, որ իմ լավագույն ֆորմայի մեջ եմ՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես: Սա հրաշալի տարիք է, որում դու դեռ երիտասարդ ես, բայց արդեն մեծ փորձ ունես, ձեռք ես բերել գիտակցում, իմաստություն եւ ինքդ քեզ ընդունելու կարողություն: Սա այն տարիքն է, երբ դու ամուր կանգնած ես ոտքերիդ վրա եւ գիտես՝ որ ուղղությամբ պետք է գնաս: Այս ներդաշնակությունը, որը ձեռք եմ բերել 30 տարեկանում, ես ոչ մի բանի հետ չեմ փոխի»:

No description available.

Իջինը նաեւ խոստովանեց, որ ծննդյան տարեդարձներն այլ կերպ ու այլ սպասումներով էին անցնում մանկության տարիներին.

«Երբ փոքր էի, մի կերպ էի սպասում, որ այդ մեկ տարին անցներ, որպեսզի ստանայի իմ ամենասիրելի նվերները, օրինակ՝ «Կինդեր»-ի ձվիկ: Ես երես առած երեխա չեմ եղել. ծնողներիս համար հեշտ ժամանակներ չէին, մենք հանրակացարանում էինք ապրում, եւ միայն ծննդյան օրերի համար էին նրանք կարողանում գումար հավաքել, որպեսզի ինձ եւ քրոջս ուրախացնեին այն նվերներով, որոնց մեկ տարի սպասում էինք: Իսկ հիմա ամեն օրն ինձ համար, ասես տարեդարձ լինի, քանի որ ինքս ինձ միշտ երես եմ տալիս շոկոլադներով (ծիծաղում է): Բայց, իրականում, կարոտում եմ այն տարիները, երբ ծննդյանս օրերն ինձ համար հատուկ նշանակություն ունեին, կարոտում եմ այդ զգացողությունները»:

Այս տարի երգչուհուն փորձել են անակնկալ մատուցել ընկերները, բայց հենց ինքն է նրանց անակնկալի բերել.

«Կեսգիշերին վերադարձա տուն ու «ընկերներիս» բռնացրի մեր տան դռների մոտ, ինձ համար անակնկալ էին պատրաստել: Նրանք կարծում էին, թե ես տանն եմ, իսկ ես վերելակից դուրս եկա ու բռնեցի այդ պահը (ծիծաղում է)»,-պատմեց նա ու հավելեց,-«Ծնունդս նշել եմ մտերիմ մարդկանց շրջապատում՝ մի շատ ուրախ ու օրիգինալ ռեստորանում, որտեղ դերասաններ են աշխատում: Առհասարակ, ցանկացած տոն սիրում եմ նշել ինձ հարազատ մարդկանց հետ՝ շատ նեղ շրջապատում»:

Շատերը սովորություն ունեն հենց տարեդարձին պահել երազանքներ ու նպատակներ, որոնք փորձում են իրականացնել մինչեւ հաջորդ տարեդարձ, բայց Իջինն այլ մոտեցում ունի.

«Իմ առջեւ նպատակներ ամեն օր եմ դնում, որոնք պետք է իրականացնեմ մինչեւ հաջորդ օրը (ծիծաղում է): Չեմ սպասում, որ մի ամբողջ տարի անցնի, որպեսզի դրանք իրականացնեմ»,-նշեց նա, իսկ խոսելով նորությունների մասին՝ հավելեց.

«Լույս է տեսել իմ նոր սինգլը՝ «Любовь под запретом» անունով. այն արդեն կարող եք ներբեռնել բոլոր երաժշտական հարթակներից, բացի այդ՝ դարձել եմ փարիզյան «Aniiiqa» բրենդի դեմքը, ու շատ այլ նորություններ էլ կան, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայնել»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իջինի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE