«Գութանը»՝ սահմանապահ Տավուշում

13:05   20 սեպտեմբերի, 2020

«Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 25-26-ը, Տավուշի մարզի սահմանապահ 13 համայնքներում՝ Բաղանիս, Կոթի, Բերդավան, Ոսկեպար, Բերքաբեր, Վազաշեն, Պառավաքար, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Արծվաբերդ, Մովսես, Այգեպար, Չինարի և Բերդ քաղաքում», - փառատոնի իրականացման մասին տեղեկացնում է փառատոնի հիմնադիր-ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ վերջապես ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իրականանում է վեց տարվա իր փայփայած կարեւոր երազանքներից մեկը՝ Գութանը սահմանապահ Տավուշում:

Փառատոնին այս տարի կմասնակցեն Հայաստանի լավագույն ազգագրական խմբերից 13-ը՝ Ակունք, Սասնա Ծռեր, Վան, Արդվին, Մասունք, Նուբար, Վերադարձ, Գորանի, Վարք Հայոց, Սեբաստացիներ, Մարաթուկ, Արեգ եւ Մարաթուկցիներ, ովքեր ելույթներ կունենան սահմանապահ համայնքներում՝ մեկ խումբ - մեկ համայնք ձևաչափով, այնուհետեւ բոլոր խմբերը միասին ելույթ կունենան Բերդում, որտեղ կկայանա գլխավոր համերգը:

«Շուրջ 250 արտիստ իրենց ավանդական, հայրենասիրական, ոգեկոչող եւ ժողովրդական երգ ու պարով նոր տրամադրություն կհաղորդեն մեր սահմանապահ տավուշցիներին ու զինվորներին, որի կարիքը կա հատկապես այս վերջին շրջանում, հուլիսյան իրադարձություններից հետո»,- ասում է Արսեն Գրիգորյանն ու ընդգծում, որ համավարակի պատճառով մեր արտիստները, զրկված լինելով կենդանի համերգների եւ հաղորդակցության հնարավորությունից, ունեցան ստեղծագործական երկարատեւ դադար, եւ Գութանի շնորհիվ իրենց մեջ կուտակած ողջ սերն ու էներգիան կփոխանցեն սահմանապահ մեր տավուշցիներին:

««Գութանի» միջոցով ուզում ենք մեր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել տավուշցիներին եւ մեր 3-րդ Բանակային Կորպուսի քաջարի զինվորներին, զինվորականներին՝ մեր հայրենիքի դարպասները ամուր եւ մեր երկինքը խաղաղ պահելու համար»։

Արսեն Գրիգորյանի խոսքով՝ «Գութանի» նպատակն է ազգային երգն ու պարը տարածել, ճանաչելի դարձնել երիտասարդ սերնդին, նրանց փոխանցել մեր մշակութային հարուստ ժառանգությունը: Ըստ նրա՝ փառատոնը բացառիկ է նաեւ իր հասանելիությամբ, բացօթյա է եւ անվճար, նախատեսված սոցիալական բոլոր խմբերի համար:

Փառատոնն իրականացվելու է նույն տեխնիկական ձեւաչափով ու որակով, ինչպես անցած 6 տարիներին: Երեւանից Բերդ կտեղափոխվի հզոր եւ ժամանակակից մեծ բեմ, գերհագեցած լուսային և ձայնային սարքավորումներ։ Ապահովվելու է ամբողջությամբ կենդանի հնչողություն եւ կատարումներ:

Փառատոնի ընթացքում կպահպանվեն համավարակի կանխարգելման բոլոր կանոնները:



© NEWS.am STYLE