Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի համերգներով եւ միջազգային գիտաժողովով

16:35   5 սեպտեմբերի, 2013

Աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակը կնշվի Երեւանում՝ մեծ դասականի տուն-թանգարանում միջազգային գիտաժողովով եւ համերգներով, որոնք տեղի կունենան սեպտեմբերի 6-7-ը։

Հայկական երաժշտարվեստում Խաչատրյանի դերի, նրա էության, հանրահայտ երաժիշտների վրա գործած ազդեցության, ինչպես նաեւ նրա հիշատակին կազմակերպված միջոցառումների մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեցին միջոցառումների մասնակիցները։

«Ես ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում, եւ ինձ համար Խաչատրյանի անունը նույնքան բնական է, որքան Մասիսը, Մատենադարանը եւ Սարյանի նկարները։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն ինձ շատ մոտ են, եւ ես շնորհակալ եմ այս գիտաժողովին մասնակցելու հնարավորության համար, որը ե՛ւ շատ կարեւոր է, ե՛ւ բնական»,- նշեց Լատվիայի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ եւ վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը։

Պրոֆեսորը նաեւ նշեց, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 19։00-ին կայանալու է դաշնամուրային դուետի տեսքով մեծ համերգ միայն «խաչատրյանական» երգացանկով, Հայաստանի հայտնի դաշնակահար, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի եւ իր մասնակցությամբ։

Նա նշեց, որ Խաչատրյանը շատ անգամ է այցելել Լատվիա եւ նրա ստեղծագործություններով համերգները հաճախ են հնչել երկրի տարբեր բեմերում։ Պրոֆեսորն առանձնացրեց հատկապես այս տարի Ցեսիս քաղաքում կայացած համերգը։

Երաժիշտը շեշտեց, որ կայացած սովորույթներով այդ քաղաքում հայ կոմպոզիտորների գործերը ներկայացնելու տեսակետից մտավախություն կար, սակայն «հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ չգիտեին՝ որտեղից աթոռներ գտնել»։

Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտական քննադատության ամբիոնի պրոֆեսոր Էրա Բարուտչեւան իր հերթին ներկայացրել է մեծ կոմպոզիտորի մասին իր հիշողությունները։

«Նա շատ էր սիրում կյանքը, եւ հենց այդ կարելի է ասել Արամ Իլյիչի մասին։ Նա սիրում էր ոչ միայն երաժշտությունը, այլեւ թատրոնը, կրկեսը եւ շատ էր սիրում արտիստներին»,- նշեց պրոֆեսորը։ Էրա Բարուտչեւան պատմեց, որ մի օր Արամ Խաչատրյանի հետ ինչ-որ համերգի է ներկա եղել, բայց չի ծափահարել կատարողին: Նկատելով այդ՝ կոմպոզիտորն ասել է. «Արտիստին հարկավոր է ծափահարել»։

Ասուլիսի մասնակիցներն ընդգծեցին, որ ինչպես համերգի, այնպես էլ գիտաժողովի մուտքն ազատ է լինելու եւ հույս հայտնեցին, որ այդ օրերին շատերը կգան՝ ականավոր կոմպոզիտորի արվեստին ավելի մոտենալու համար։

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE