«Սմբատյանի նախաձեռնությունը ոչ միայն ընդունելի, այլեւ անհրաժեշտ գործ է». հանրահայտ դաշնակահար Դենիս Կոժուխինը Հայաստանում վարպետության դաս է անցկացրել

17:25   25 սեպտեմբերի, 2020

Հանրահայտ ռուս դաշնակահար, միջազգային փառատոնների դափնեկիր Դենիս Կոժուխինը Հայաստանում է: Երաժիշտն այստեղ է «Երաժշտություն հանուն ապագայի» բարեգործական հիմնադրամի հրավերով, որի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 25-ին, վարպետության դաս է անցկացրել պատանի երաժիշտների համար: Կոժուխինը երեկ մասնակցել է նաեւ «Արմենիա» միջազգային փառատոնին:

Սա դաշնակահարի երկրորդ այցն է Հայաստան. ասում է՝ առաջին անգամ, ժամանակի սղության պատճառով, ոչինչ չի հասցրել տեսնել Երեւանում, բայց նրա խոսքով՝ այս երեկո փորձելու է մինչ մեկնելը լրացնել այդ բացը:

«Ի դեպ, իմ հայ ընկերներից մեկը Զորիկ Թադեւոսյանն է, որը հրաշալի ջութակահար է: Նրա շնորհիվ ես բացահայտեցի Բաբաջանյանին: Բայց այսօր առաջին անգամ եմ փորձելու բացահայտել Երեւանը, որովհետեւ նախորդ այցս շատ կարճ էր, ոչինչ չհասցրի տեսնել: Բայց ինձ դա անհրաժեշտ էլ չէր Հայաստանի մասին տպավորություն կազմելու համար, քանի որ ինձ համար Հայաստանն առաջին հերթին մարդիկ են` հյուրընկալ, բարի...»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Կոժուխինը՝ հավելելով, որ երեկ կայացած փառատոնից էլ բարձր տպավորություններ է ստացել.

«Թեեւ՝ քիչ քանակով, բայց հրաշալի հանդիսատես էր ներկա համերգին: Իհարկե, անսովոր էր այն փաստը, որ բեմին ավելի շատ մարդ կար, քան դահլիճում, բայց ի՞նչ արած` ամբողջ աշխարհում է նույն իրավիճակը: Մենք` երաժիշտներս, սովոր չենք դրան, բայց անգամ, երբ մի հոգի է քեզ լսում, դա արդեն փոխում է մթնոլորտը: Վերջին անգամ մարտ ամսին էի ելույթ ունեցել ու մինչեւ հուլիսի սկիզբ հանրության առաջ չէի նվագել: Իհարկե, Բեռլինում շատ էինք աշխատում, ձայնագրություններ ու նկարահանումներ անում, բայց դա մեզ համար լիարժեք աշխատանք չէր»:

Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ երաժիշտն ասաց.

«Առաջին անգամ նվագախմբի հետ աշխատել եմ Մալթայում` փառատոնի շրջանակում: Ես նրանց շատ եմ հավանում, հրաշալի երաժիշտներ են, աննկարագրելի էներգետիկա ունեն: Միշտ ափսոսում եմ, որ մեր ելույթները կարճ են տեւում»:

Կոժուխինը մատնանշեց նաեւ «Երաժշտություն հանուն ապագայի» բարեգործական հիմնադրամի գործունեության կարեւորությունը. հիմնադրամը ստեղծվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ, եւ նպատակ ունի բացահայտել, զարգացնել, կրթել ու աջակցել տաղանդաշատ երաժիշտներին, մշակույթի եւ արվեստի ներկայացուցիչներին:

«Երբ այստեղ եկա նվագելու, ինձ հարցրին` արդյոք կցանկանա՞մ վարպետության դաս անցկացնել, իսկ ես երբեք չեմ մերժում նման առաջարկները: Սա աշխարհում ընդունված բան է, ես էլ արդեն բավական մեծ փորձ ունեմ` ինչպես ուսանողների, այնպես էլ` ավելի փոքրերի հետ աշխատելու:

Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությունն, իհարկե, ոչ միայն ընդունելի, այլեւ անհրաժեշտ գործ է: Կարծում եմ` ցանկացած երաժիշտի պարտականությունն է օգնել երիտասարդ սերնդին: Ես ինքս էլ հասարակ ընտանիքում եմ ծնվել, իմ ծնողները դասավանդում էին, եւ եթե չլինեին ինձ օգնող մարդիկ, ես էլ չէի կարողանա անցնել այս ճանապարհը: Սերգեյը շատ կարեւոր քայլ է անում, եւ ես համոզված եմ, որ սա դեռ սկիզբն է. իմանալով Սերգեյի էնտուզիազմը` վստահ եմ` այս նախաձեռնությունը գնալով կաճի: Ինքս պատրաստ եմ անհրաժեշտության դեպքում միշտ կանգնել այս ծրագրի կողքին»,-նշեց Կոժուխինը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE