«Օսկարին» Հայաստանը ներկայացնող «Սողոմոնի երգերը» ֆիլմը բանակին նվիրել է 16,000,000 դրամ

18:03   5 հոկտեմբերի, 2020

Բազմաթիվ միջազգային փառատոնների նոմինանտ «Սողոմոնի երգերը» Ֆիլմի գլխավոր պրոդյուսերներ Կարո եւ Սիրվարդ Կավուկչյանները եւ Ֆիլմի ռեժիսոր Արման Նշանյանն իրենց աջակցությունն են բերում Հայաստանի եւ Արցախի հերոս բանակին` նվիրելով 16,000,000 դրամ եւ ցանկանում մեր անկոտրում եւ վսեմ ազգին շուտափույթ հաղթանակ եւ խաղաղություն Արցախում: Ֆիլմի կադրերը հիմնականում նկարահանվել են Արցախում եւ իր գեղարվեստական պատմության մեջ այն ընդգրկել է նախորդ դարի հայոց ցեղասպանության իրական պատմությունների շարան:

«Սողոմոնի երգերը» վերջերս ընտրվել է Հայաստանի Ազգային Կինոակադեմիայի կողմից, որպեսզի ներկայացնի Հայաստանը 2021 թվականի Հոլիվուդի 93-րդ Օսկարի միջազգային ֆիլմերի մրցույթին: Պատահական չէ այն փաստը, որ Հայոց ցեղասպանությունը, որը դեռ սպասում է արդար դատի, այսօր կրկնվում է նույն հանցագործների ձերքերով` համայն քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ: Մեր երազանքն է, որ այս ֆիլմը կարողանա թափանցել աշխարհի մարդկության հոգիները եւ, վերջապես, Հայոց հարցը լուծում ստանա:



© NEWS.am STYLE