«Հայ ժողովրդի ապագան վտանգված է». «Ռոքի» ֆիլմերի աստղը կոչ է անում ֆինանսական օգնություն ցուցաբերել Արցախին

16:46   5 հոկտեմբերի, 2020

Դերասան, «Ռոքի» ֆիլմերի աստղ Կառլ Ուեզերսը Twitter-ում հրապարակում է արել՝ ի աջակցություն հայ ժողովրդի Արցախում պատերազմի օրերին։

«Հայաստանը վտանգի մեջ է։ Հայ ժողովրդի ապագան վտանգված է։ Ադրբեջանն ու Թուրքիան լայնամասշտաբ հարձակում են ձեռնարկել Հայաստանի ու Արցախի Հանրապետության վրա՝ հույս ունենալով իրականացնել ցեղասպանության վաղեմի նպատակը՝ ոչնչացնել հայ ժողովրդին»,- գրել է դերասանը։

Նա իր հետեւորդներին կոչ  է արել միջոցներ փոխանցել Արցախին աջակցելու համար։ «Դուք կարող եք զինվորների ու կամավորների հետ մեջք մեջքի կանգնել՝ շարունակելով աջակցել նրանց ու նվիրատվություն անելով Հայաստանի հիմնադրամին։ Տղամարդկանց ու կանանց, որոնք խրամատները պաշտպանում են ադրբեջանական հրետանու եւ թուրքական անդօաչուների մշտական կրակի տակ, ձեր օգնությունն է հարկավոր»,- նշել է դերասանը։

Ի դեպ, ավելի վաղ նմանատիպ նախաձեռնությամբ հանդես են եկել Քիմ եւ Քլոե Քարդաշյանները, ինչպես նաեւ նրանց եղբայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, ռեփեր Xzibit-ը։



© NEWS.am STYLE