Դուդուկի մոգական ուժի, հայկական մշակույթի ու պատերազմի մասին. «Genesis» խմբի համահիմնադիր Փիթեր Գաբրիելի գրառումը

21:21   6 հոկտեմբերի, 2020

«Genesis» ռոք խմբի համահիմնադիր Փիթեր Գաբրիելն անդրադարձել է Արցախի սահմանին ծավալվող իրադարձություններին։ Նա Facebook-յան գրառմամբ պատմել է՝ ինչպես է ծանոթացել Հայաստանին ու դրա մշակույթին, սիրել մարդկանց ջերմությունն ու մեծահոգությունը։

«Հայաստանն ինձ ներկայացրեց դուդուկի մոգական ուժը՝ աշխարհի՝ հավանաբար ամենահուզառատ գործիքը։  

Երբ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը նշում էր 70-ամյակը, իմ ընկեր Գարիկ Իսրայելյանն ինձ հրավիրեց տեսնելու իր երկիրն ու միանալու տոնին։

Ես, իսկապես, սիրեցի այդ փորձառությունը, մարդկանց ջերմությունն ու մեծահոգությունը, երաժշտությունն ու մշակույթը, ուտեստները ու ամենուր դրական տրամադրվածությունը։

Երբ ես այնտեղի էի, ինձ Ծիծեռնակաբերդ ուղեկցեցին՝ հուշահամալիր, որը կառուցվել է հիշելու համար 1․5 մլն հայերին, որոնք 1914-1917թթ. սպանվել են թուրքական կառավարության կողմից»,-նշել է նա։

Երաժիշտը պատերազմը սարսափելի է անվանել ու նշել, որ կարիք ունենք ազդելու բոլորի վրա ՝ խրախուսելու համար հրադադարը։

«Խնդրում եմ՝ քաղաքական գործիչներին, Բրյուսելին, ՆԱՏՕ-ին եւ ՄԱԿ-ին  քաջալերեք ներգրավվել, քանի դեռ ավելի շատ կյանքեր չենք կորցրել»,- գրել է նա։

 



© NEWS.am STYLE