«Հեշտ չէ լինել հեռվում…». 10-ամյա արցախցի Անի Պետրոսյանը ներկայացնում է Հայաստանը «Մանկական Նոր ալիք» մրցույթում

22:03   7 հոկտեմբերի, 2020

Արցախցի փոքրիկների ոգին չի կարող կոտրել անգամ պատերազմը: Այսօր Ղրիմում մեկնարկում է «Մանկական Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է արցախցի երգչուհի Անի Պետրոսյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Արցախի Ձայները» նախագծի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը՝ հավելելով, որ թեեւ պատերազմական պայմաններում Անիի համար դժվար է եղել մեկնելուն տրամադրվելը, բայց ի վերջո որոշվել է՝ արցախցի երգչուհին պետք է մասնակցի մրցույթին:

«Խաղաղ պայմաններում հայերի՝ հատկապես արցախցիների ուշադրությունը սեւեռված կլիներ այս մրցույթի շուրջ, բայց այսօր այդ պահը չէ: «Մանկական Նոր ալիք»-ի եզրափակչի ուղեգիր է ստացել արցախցի երգչուհի՝ 10-ամյա Անի Պետրոսյանը, որը Մոսկվա պետք է մեկներ սեպտեմբերի 27-ին՝ հենց այն օրը, երբ ամեն ինչ սկսվեց: Ոչ մի կերպ գնալ չէինք ցանկանում, բայց մեր երկրի ղեկավարությունը որոշեց, որ պարտադիր պետք է մասնակցել ռուսական այդ հեղինակավոր մրցույթին եւ ամեն ինչ արել է նրա՝ Ռուսաստան մեկնելն այս պանդեմիայի ժամանակաշրջանում կազմակերպելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Արցախի նախագահի՝ Արայիկ Հարությունյանի օգնականին եւ մամուլի քարտուղարին, Ռուսաստանում Հայաստանի դեսպանին, ՀՀ եւ Արցախի Արտաքին գործերի նախարարություններին, Հայաստանում Ռուսաստանի դեսպանին եւ մեր ընկերներին, որոնք հնարավոր դարձրին Արցախի պատվիրակության մեկնումը Ռուսաստան: Ինչո՞ւ եմ ասում պատվիրակություն, քանի որ ձեր սիրելի Միշան եւս հրավիրված է՝ որպես հատուկ հյուր ներկայանալու»,-գրել է Լիրա Քոչարյանը՝ տեղեկացնելով, որ այսօր տեղի է ունենալու առաջին մրցութային օրը:

«Եկեք հաջողություն մաղթենք մեր երեխաներին: Աշխարհում բոլոր երեխաները պետք է արվեստով զբաղվեն, ոչ թե ստիպված լինեն փակվել նկուղներում կամ դառնան ռմբակոծության զոհեր…»,-նշել է պրոդյուսերը՝ հավելելով,- «Կարծում եմ՝ սա եւս պատերազմի մի ձեւ է՝ երաժշտությամբ ու մշակույթով դիմակայել մարդասպանությանը: Եկեք մեր երեխաներին ուժ փոխանցենք, նրանց համար հեշտ չէ լինել հեռվում՝ իմանալով, որ Արցախում իրենց մտերիմներն են (Միշայի ավագ եղբայրն առաջին օրվանից առաջնագծում է)»:



© NEWS.am STYLE