Սերգեյ Սմբատյանը միացել է բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված ՅՈւՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին

17:01   17 հոկտեմբերի, 2020

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչը, որին կից գրել է․

«Ես միանում եմ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպանների կոչին՝ ուղղված կազմակերպության գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորին: ՅՈւՆԻՍԵՖ-ի ղեկավարությանը, ՄԱԿ-ի հարակից կառույցներին և այլ բարի կամքի դեսպանների կոչ է արվում Ադրբեջանի կողմից իրականացվող լայնամասշտաբ ռազմական հարձակման այս օրերին չլռել, կատարել համարձակ քայլեր՝ փրկելով մարդկանց կյանքեր, որոնք դառնում են անողոք վայրագությունների զոհեր։ Կոչ է արվում նաև օգնության ձեռք մեկնել և գործել անհապաղ՝ կանխելու համար հետագա արյունահեղությունները, ապահովել բոլոր մանուկների անվտանգ կյանքը՝ զերծ հոգեբանական ցնցումներից և տառապանքներից»:

Փաստաթղթի տակ ստորագրել են ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը, բարի կամքի տարբեր տարիների հայ դեսպաններ՝ Ալլա Լեւոնյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Մարիա Գուլեգինան։



© NEWS.am STYLE