«Ինչպե՞ս կարող է Հոլոքոստ ապրած ազգը հնարավոր համարել Թուրքիայի հետ համագործակցելը. իմ կարծիքով` սա ամոթալի քայլ է...». աստղային լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանի կոչը` Իսրայելին

19:42   19 հոկտեմբերի, 2020

Ամերիկահայ հայտնի լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանը (David Mushegain), որն աշխատում է մի շարք ճանաչված աստղերի եւ մոդելների հետ, որոնց թվում են Սթելա Մաքսվելը, Լիլի Ռոուզ Դեպը, Միլա Յովովիչը եւ այլք, ինստագրամյան իր էջում բաց նամակ է հղել Իսրայելի իշխանությանը` կոչ անելով նրանց դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառելը, քանի որ վերջիններիս նպատակը հայերի ցեղասպանությունը շարունակելն է: Լուսանկարչի խոսքով անընդունելի է այն փաստը, որ Ադրբեջանին ու Թուրքիային այս հարցում սատարում է մի ազգ, որն ինքն էլ անցել է այս դաժան ոճրագործության միջով:

«Իսրայել, աղաչում եմ դադարեք զենք մատակարարել դիկտատորներին, որոնց միակ նպատակը հայերին սպանելն է` ցեղասպանությունը շարունակելը: Մեր երկրները կիսում են միեւնույն ողբերգական պատմությունը: Մենք ձեր եղբայրներն ու քույրերն ենք: Ես երկար եմ մտածել մինչեւ այս հրապարակումն անելը, քանի որ հրեա շատ լավ ընկերներ ունեմ, եւ չեմ ցանկանում վիրավորել ինչ-որ մեկին, բայց մարդիկ պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում: Պարզ ասած` գրածս ուղղված է Իսրայելի կառավարությանը եւ նրանց` Ադրբեջանին զենք վաճառելու որոշմանը: Չեմ կարողանում հասկանալ` ինչպե՞ս կարող է Հոլոքոստ ապրած ազգը հնարավոր համարել Թուրքիայի հետ համագործակցելը, այն դեպքում, երբ նրանք փորձում են շարունակել Հայոց ցեղասպանությունը: Իմ կարծիքով` սա ամոթալի քայլ է...»,- գրել է լուսանկարիչը` մեջբերելով նաեւ հրեա լրագրող Յոսի Մելմանի` Haaretz.com կայքին տված հարցազրույցից հետեւյալ հատվածը:

View this post on Instagram

A post shared by David Mushegain (@davidmushegain) on

«Անընդունելի է, որ Թուրքիան ու Իսրայելը համատեղ պայքարում են Քրիստոնյա հայերի դեմ: Էլ չասեմ այն, որ Իսրայելը հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, երբ հրեաները եւս անցել են ցեղասպանության միջով... սա ցինիկ քայլ է, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել: Սկզբում մենք հրաժարվեցինք դա ճանաչելուց, որպեսզի չբարկացնեինք Թուրքիային, բայց հիմա մենք այլեւս բարեկամ չենք Թուրքիայի հետ, սակայն, քանի որ Թուրքիան ու Իսրայելն օգնում են Ադրբեջանին, մենք մի կողմից չենք ուզում բարկացնել Թուրքիային, մյուս կողմից էլ` Ադրբեջանին: Որպես հրեա, որպես Իսրայելի բնակիչ` ես դա իսկապես չեմ կարող ընդունել: Իսրայելը պետք է ավելի մեծ բարոյականությամբ ներկայանա արտաքին քաղաքականության մեջ, մինչդեռ միայն հետաքրքրված է զենք վաճառելով, ուրիշ ոչնչով»,- ասել է հրեա լրագրողը:



© NEWS.am STYLE