«Այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է, ինչի պատճառով սիրտս կոտրվում է». «Միսս Երկիր» մրցույթի շրջանակում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին (վիդեո)

23:59   19 հոկտեմբերի, 2020

Սեպտեմբերի 21-ից մեկնարկել է «Միսս Երկիր» ամենամյա գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 28-ամյա Երանուհի Մելիքյանը, որը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

«Միսս Երկիր» մրցույթի ազգային տնօրեն Յանա Գրիգորյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված` մրցույթն այս տարի անցկացվում է օնլայն տարբերակով: Այսօր տեղի է ունեցել մրցույթի «Տաղանդ» փուլը, որին հայ մասնակիցը ներկայացրել է հոլովակ` պատմելով Արցախում տեղի ունեցող պատերազմի մասին:

«Բարեւ, ես Երանուհի Մելիքյանն եմ: Ես մի երկրից եմ, որի մայրաքաղաքն ավելի հին է, քան Հռոմը, որը հայտնի է իր հնագույն մշակույթով ու հյուրասեր մարդկանցով: Բայց այսօր իմ երկիրը պատերազմի մեջ է, ինչի պատճառով իմ սիրտն ամեն օր կոտրվում է: Մենք միայն երազում ենք այն մասին, որ արթնանանք ու լսենք, որ խաղաղություն է հաստատվել: Ես այսօր պարզապես մի աղջիկ չեմ Հայաստանից, ես ներկայացնում եմ բոլոր հայերին, ինչն ինձ ավելի հպարտ է դարձնում, որովհետեւ մենք ուժեղ ենք, հզոր ու մի ընտանիքի պես միավորված»,- նշել է Երանուհին, որը տեսանյութում ծածանել է Արցախի դրոշը:

«Այս տարի մրցույթին մասնակցում է շուրջ 89 երկիր: Նշեմ, որ «Միսս Երկիրը» 4 լավագույն համաշխարհային մրցութների շարքում է, ունի նույն վարկանիշը, ինչ «Միսս Տիեզերքը», «Միսս Աշխարհն» ու «Miss International»-ը: Հիմնական շեշտը էկոլոգիական խնդիրներին է ուղղված, եւ հատկանշական է, որ մրցույթն անցկացվում է ՄԱԿ-ի հովանու ներքո: Մրցույն ավարտվելու է նոյեմբերի 29-ին: Մասնակիցներին գնահատելու են ժյուրիի անդամերը, որոնք նրանց հետ ծանոթանում են Zoom ասուլիսների ժամանակ»,- հավելեց Յանա Գրիգորյանը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE