«Մենք հաղթում ենք Աստծո զորությամբ, մեր հերոսների բազկի ուժով եւ մեր միասնականությամբ»․ Վարդան Պետրոսյանը տեսաուղերձ է հղել հայրենակիցներին

21:17   20 հոկտեմբերի, 2020

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը տասնհինգ տարի անց վերաբեմադրել է «Վերելք» ներկայացումը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։ Նա տեսաուղերձ է հրապարակել, որը սկսել է հայ մեծ զորավար Մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքերով․ «Պատերազմում թիկունքը հաղթանակի կեսն է»։

-Մենք պարտավոր ենք ամուր թիկունք լինել մեր բանակի համար։ Ամուր ֆիզիկապես եւ հոգեպես։ Այս դժվար ու ծանր օրերին կատարելով մեր հայրենասիրական պարտքը, քաղաքացիական պարտքը մեր բանակի հանդեպ, ամուր թիկունք կանգնելու համար Գյումրու պետական թատրոնի հետ միասին որոշեցինք աշխատել նաեւ ստեղծագործական ճակատում՝ բեմում, որքան էլ դա հոգեբանորեն դժվար լինի մեզ համար։ Աշխատել բարձրացնել թիկունքի մարդկանց մարտական ոգին, ներշնչել ոգեշնչել դեպի հաղթանակ, մարդկանց պայքարելու, ապրելու ուժ տալ, նշել է սիրված դերասանը։

Խոսելով «Վերելք» ներկայացման բովանդակության մասին՝ Վարդան Պետրոսյանը հիշեցրել է․ «Այն վկայություն է Հայոց ցեղասպանության մասին, Կոմիտասի հանճարի, հայ ժողովրդի տառապանքի, աննկուն կամքի, հերոսական անցյալի եւ հատկապես այսօրվա աննկարագրելի, անհավատալի հերոսությունների մասին: Մենք հաղթում ենք Աստծո զորությամբ, մեր հերոսների բազկի ուժով եւ մեր միասնականությամբ»,- եզրափակել է նա։



© NEWS.am STYLE