«Բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը». ֆրանսիաբնակ հայտնի տենոր Ռուբեն Էլբակյանի երաժշտական տեսաուղղերձը

18:29   24 հոկտեմբերի, 2020

Առաջնագծում կռվի, իսկ  թիկունքում համահայկական միասնության այս մթնոլորտում ֆրանսահայ տենոր Ռուբեն Էլբակյանն  անմասն չի մնում աշխարհի ողջ հայության կոմից բարձրաձայնվող բողոքի ճիչերից՝ հանդես գալով երաժշտական ուղղերձով` «Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի»` հանրաճանաչ հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի  «Երազ իմ երկիր» երաժշտության ներքո:

«Սիրելի ընկերներ և երկրպագուներ, քանզի իմ  զենքը իմ ձայնն է, ձեզ եմ ներկայացնում իմ հոգու ճիչը երաժշտական տարբերակով՝ Ոտքի կանգնեք տիկնայք և պարոնայք համայն աշխարհի, կեցցե Հայաստանը: 

Ձեզանից շատերն արդեն տեղյակ են սեպտեբերի 27-ից իմ հայրենիքում տեղի ունեցող չարաբաստիկ պատերազմի մասին: Երկու կողմերից  թե Հայաստանի, թե Ադրբեջանի մի ողջ երիտասարդ սերունդ է ոչնչացման ենթարկվում: Ես արդեն խաղաղության իմ ձայնը բարձրացրել եմ Իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի շուրջ, իսկ հիմա բոլոր երկրների ազգություններին խնդրում եմ մերժել Էրդողանի էքսպենսիոնիստական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ բազմաթիվ մուսուլմանական երկրներ են գտնվել Օսմանյան կայսրության լծի տակ:

Ակնկալում եմ լսելի դարձնել մարդկային  գիտակցությանն ուղղված այս խաղաղության ապավինում պահանջող   կոչը: Արցախը հայկական  հող է, որի  մասին վկայել են դեռևս Հերոդոտն ու  Ստրաբոնը,  և այդպես էլ կմնա ցանկացած գնով»,-նշել է երաժւշտը եւ հավելել,-«Մենք ոչ մի թշնամանք  չունենք Ադրբեջանի և Թուրքիայի ժողովուրդների հանդեպ, ովքեր մեզ նման ցանկանում են ապրել խաղաղ պայմաններում :

Մերժեք պատերազմն ու ցեղասպանությունը:

Պահպանեք բիբլիական դրախտավայրը Հավերժի երկիր Հայաստան»:



© NEWS.am STYLE