«Նվիրում Արցախին». «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

13:00   28 հոկտեմբերի, 2020

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, հայտնում են փառատոնի գրասենյակից։

Նոյեմբերի 1-ին Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով:

Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաեւ Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի եւ Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները: Կկայանան նաեւ Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա» պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի, եւ բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:

Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչեւ նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երեւանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի եւ այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաեւ պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պաստառների բացառիկ ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:



© NEWS.am STYLE