«Միասին մենք ուժ ենք»․ Ավրաամ Ռուսոն նոյեմբերի 1-ին եւ 2-ին առցանց բարեգործական համերգներ կունենա․ ստացված ողջ հասույթը կփոխանցվի արցախցի հայրենակիցներին (վիդեո)

13:38   1 նոյեմբերի, 2020

Հալեպահայ երգիչ Ավրաամ Ռուսոն նոյեմբերի 1-ին եւ 2-ին բարեգործական առցանց համերգներ կունենա, որոնք կհեռարձակվեն երգչի ֆեյսբուքյան էջով: Համերգների ժամանակ ստացված հասույթը նա կփոխանցի Արցախյան պատերազմի հետեւանքով տուժած արցախցիներին: Այս մասին տեղեկանում ենք Ռուսոյի ֆեյսբուքյան էջից։

Ամերիկաբնակ հանդիսատեսը երգչի կատարումներին կարող է մասնակից դառնալ նոյեմբերի 1-ին՝ Լոս Անջելելսի ժամանակով 18:00-ին, Նյու Յորքի ժամանակով 21:00-ին: Իսկ մոսկվաբնակ հանդիսատեսը՝ նոյեմբերի 2-ին՝ 21:00-ին, ինչպես նաեւ նույն օրը Նյու Յորքի հանդիսատեսի համար երգիչը եւս մեկ համերգ կունենա, որը նախատեսված է Նյու Յորքի ժամանակով 13:00-ին:

«Հարգելիներս, յուրաքանչյուր լումա, յուրաքանչյուր ռուբլի կարող է շատերի կյանքերը փրկել։ Ձեր գումարը կարող է մարդ փրկել։ Կոչ եմ անում եւ խնդրում եմ ձեզ օգնել, բարի ուղերձով մասնակցել այս ակցիային: Խնդրում եմ, որ անտարբեր մի եղեք։ Եկեք միասին օգնենք եւ աջակցենք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապրել եւ գոյատևել այս գեղեցիկ աշխարհում․․․Մենք միասին ենք ու միասին մենք ուժ ենք» - ասվում է հրապարակմանը կից արված գրառման մեջ։

Նա նաեւ տեսաուղերձ է հղել, որտեղ մարդկանց կոչ է անում լինել առատաձեռն, որքան հնարավոր է. «Ցանկացած գումար օգնություն է դրա կարիքն ունեցողների համար, որոնք տառապում են Արցախում տեղի ունեցող պատերազմի պատճառով: Խնդրում եմ անտարբեր չգտնվել եւ փորձել օգնել: Կարեւոր չէ, թե ով ենք մենք: Մենք մարդիկ ենք, որոնք քայլում են նույն երկնքի տակ: Այսօր դուք կօգնեք, իսկ վաղը՝ նրանք»,- նշել է երգիչը:



© NEWS.am STYLE