«Մեզ ոչինչ չի հաղթի».հայ հայտնիների մասնակցությամբ նոր տեսահոլովակի ողջ հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (ֆոտո)

15:11   7 նոյեմբերի, 2020

«Unity Production»-ի թիմը նախաձեռնությամբ հայ զինվորին նվիրված նոր տեսահոլովակ է ստեղծվել: «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը կատարել է Դեր Հովան, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սեւակ Ամրոյանը, Սեւակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաեւ՝ Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է եւ թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:

«Շատ ուրախ ենք, որ հայ զինվորին նվիրված տեսահոլովակին մասնակցություն ունեցավ նաեւ առաջնագծից մի քանի օրով հատուկ այդ նպատակով վերադարձած Արթուր Խաչենցը : Նա մասնակցեց երգի ձայնագրմանը, տեսահոլովակի նկարահանումներին ու հետո կրկին վերադարձավ առաջնագիծ: Նշեմ նաեւ, որ զինվորի դերում հենց Արթուր Խաչենցն է »,-նշում է production-ի հիմնադիր-պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը:

Երգի ձայնագրմանն ու տեսահոլովակի նկարահանումներին մասնակցել են նաեւ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, կիթառահար Արմեն Շահվերդյանը: Հոլովակի դիտումներից գոյացած ողջ հասույթը կուղղվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Տեսահոլովակի պրեմիերանկկայանա այսօր:



© NEWS.am STYLE