«Տղաս՝ Հայկն Արցախում է, ես՝ այստեղ»․ Վարդան Պետրոսյան

17:27   8 նոյեմբերի, 2020

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է իր մասին տարածված՝ իրականությանը չհամապատասխանող լուրերին։ Նա գրել է․

«Սիրելի բարեկամներ,

Համացանցում տեղեկություն է պտտվում, որ ես սահմանին եմ կամ Արցախում։ Դա իրականությանը չի համապասխանում։

Կարծում եմ, թյուրիմացության պատճառ է հանդիսացել իմ ռազմական համազգեստով կարճ հարցազրույցը ՈՄԱ ի / Ողջ մնալու արվեստը / պարապմունքներից։

Տղաս՝ Հայկն Արցախում է, ես՝ այստեղ։ Ես շարունակելով թատերական ելույթներս Գյումրիի պետական թատրոնի հետ, միաժամանակ զինավարժությունների եմ մասնակցում ՈՄԱ ի խմբում, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու դիրքեր մեկնելու։

Խորին շնորհակալություններս եմ հայտնում որդուս եւ ինձ ուղղված բարեմաղթանքների համար։ Աստված բոլորիս պահապան...»։

Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը ժամանակակից ռազմական կրթություն է ստանում։ 

«Ճակատագիրն էնպես դասավորվեց, որ հիմա եկա՝ պատերազմը սկսվելուց։ Եկա, որովհետեւ կարծում եմ, որ ծայրաստիճան անհրաժեշտ է ռազմական կրթություն ստանալը։ Անհրաժեշտ պարագայում անմիջապես ռազմաճակատ մեկնելու համար», - ասել է դերասանը։



© NEWS.am STYLE