Սպիվակովը, Կուրենտզիսը, Գրեբենշիկովը եւ մշակույթի այլ գործիչներ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արցախում հուշարձանների պահպանության կոչ են անում

18:59   19 նոյեմբերի, 2020

Ջութակահար Վլադիմիր Սպիվակովը, դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը, երգիչ Բորիս Գրեբենշիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը եւ մշակույթի այլ գործիչներ բաց նամակ են գրել ՅՈւՆԵՍԿՕ-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի Telegram-յան ալիքը։

Նրանք նամակում հիշատակել են 2000-ականների կեսերի իրադարձությունները, երբ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում ոչնչացվել են հայկական միջնադարյան մի քանի հարյուր խաչքարեր, որոնք նախքան ոչնչացումը ներառված են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում (խաչքարերի ստեղծման արվեստը 2010թ.-ին ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկ)։

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին խնդրում ենք օգտագործել իր ամբողջ հեղինակությունն ու լիազորությունները՝ պահպանելու համար Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական մշակութային, գեղարվեստական եւ ճարտարապետական ժառանգությունը»,- ասված է նամակում։

Ակցիային միացել են ռեժիսորներ Ալեքսեյ Գերման կրտսերը, Էդուարդ Բոյակովը, դերասաններ Անդրեյ Մերզլիկինը, Սվետլանա Նեմոլյովան, Յուլյա Աուգը, գրող Զախար Պրիլիպինը եւ այլք։

Հուշարձանների պաշտպանությանն ուղղված շարժմանն արդեն իսկ միացել է Մետրոպոլիտեն թանգարանը, ուր 2018թ.-ին կայացել է «Հայաստան» ցուցահանդեսը։

«Բոլոր նրանց, ովքեր ներգրավված են, խնդրում ենք հարգանքով վերաբերել միջազգային մշակութային ժառանգության այդ օբյեկտներին, որոնք հազարամյակների ընթացքում հարստացնում են մեր աշխարհը։ Մշակութային ժառանգության օբյեկտների կորուստն անդառնալի է եւ ապագա սերունդներից աղաղակող կողոպուտ է»,- ասված է Մետրոպոլիտեն թանգարանի նախագահ Դանիել Վեյսի եւ տնօրեն Մաքս Հոլլյայնի համատեղ հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE