Երեւանում հանրահայտ ռեժիսորների աստղերի բացման արարողությունը հետաձգվում է

16:15   24 նոյեմբերի, 2020

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը մի շարք միջոցառումներ էր նախատեսել՝ հարգանքի իր տուրքը մատուցելու համար Ռոբերտ Սահակյանցի 70 եւ Ռուբեն Գեւորգյանցի 75-ամյա հոբելյաններին։ Սակայն որոշում է կայացվել հետաձգել բոլոր միջոցառումները, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը։

«Մասնավորապես՝ նախատեսվում էին հոբելյանական հանդիսություններ Ազնավուրի անվան հրապարակի աստղային պուրակում, որտեղ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ բացվելու էին հանրահայտ ռեժիսորների աստղերը, եւ հետահայաց կինոցուցադրումներ Կինոյի տանը:

Սակայն իրավիճակը, COVID-19 համավարակի օրեցօր վատթարացումը մեզ պարտադրում են խնայել մեր հանրությանը, որեւէ կերպ չվտանգել նրանց առողջությունը ու լինել չափազանց զգուշավոր:

Տեղեկացնում ենք, որ ընդառաջելով նաեւ ռեժիսորների ընտանիքների անդամների խնդրանքին՝ բոլոր միջոցառումները կհետաձգվեն եւ տեղի կունենան այն ժամանակ, երբ առանց զգուշանալու կարող ենք հավաքվել մի վայրում:

Շնորհակալ ենք ըմբռնման համար...»,- ասված է հայտարարության մեջ։



© NEWS.am STYLE