Կաննի եւ Տալլինի փառատոնները դատապարտել են Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն միտված Ադրբեջանի կոչերը. Հայաստանի ազգային կինոկենտրոն

18:59   25 նոյեմբերի, 2020

Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» դեբյուտային ֆիլմի շուրջ ծագած քաղաքական շահարկումներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի Facebook-յան էջը։

«Կաննի եւ Տալլինի «Սեւ գիշերներ» փառատոններն իրենց համերաշխությունն են հայտնել ֆիլմի ստեղծագործական կազմին եւ դատապարտել Ադրբեջանի մշակույթի նախարարության կոչերը, որոնք միտված են ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն։ Տալլինյան փառատոնի կազմակերպիչները դրական են արտահայտվել ֆիլմի մասին՝ նշելով, որ այն պոետիկ ֆիլմ է ազատության եւ երազանքի մասին, զերծ է ատելության եւ բռնության կոչերից։ Իսկ Կաննի փառատոնի գեղարվեստական ղեկավար Թիերի Ֆրեմոն գրել է․ «Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս, այն գեղեցիկ բնապատկերների, ժողովրդի եւ հույսի մասին է։ «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը մեզ ստիպում է տեսնել եւ հասկանալ այդ ամենը, եւ սա է կինոյի դերը»։

Հավելենք, որ Տալլինի փառատոնում Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է 2021թ․ հունվարի 20-ին։

Հիշեցնենք․ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)»,- ասված է կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջում։



© NEWS.am STYLE