«Ազնավուր» հիմնադրամը մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

11:31   26 նոյեմբերի, 2020

«Ազնավուր» հիմնադրամի եւ վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում եւ Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Այս օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: Այս մասին հայտնում է հիմնադրամը։

«Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել Շառլ Ազնավուրի սրտում: Նա դարձել է Գյումրիում երկրաշարժը վերապրածների խորհրդանիշը՝ մշտապես լինելով հայ ժողովրդի կողքին, ե՛ւ ամենաերջանիկ, ե՛ւ տխուր պահերին: «Ազնավուր» հիմնադրամը շարունակում է կյանքի կոչել արտիստի մարդասիրական առաքելությունն ու տեսլականը. մենք նույնպես այս դժվարին ժամանակներում կանգնած ենք հայ ժողովրդի կողքին: Իր ընկերների եւ գործընկերների ջանքերի շնորհիվ հիմնադրամը հավաքել է 35 տոննա մարդասիրական օգնություն, որը Ֆրանսիայի նախագահի եւ կառավարության աջակցությամբ կուղարկվի Հայաստան»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը։

«Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: Ֆրանսիայում և Շվեյցարիայում բազմաթիվ կազմակերպություններ, ինչպես նաև շուրջ հարյուր կամավորներ մասնակցել են մարդասիրական այս լայնածավալ օգնության հավաքագրմանը»,- նշած է հաղորդագրությունում։

 



© NEWS.am STYLE