«Ոսկե ծիրան»-ը հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի եւ Գուերայի 100-ամյա հոբելյաններին

15:06   27 նոյեմբերի, 2020

Երեւանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելլինիի եւ Տոնինո Գուերայի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի մեկնարկը:

Փառատոնի մամուլի գրասենյակը հայտնում է, որ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելլինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը եւ «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելլինիի եւ Տոնինո Գուերայի 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների եւ միջոցառումների շարքը։

Ծրագիրը շարունակվում է Երեւանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանը անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուեռա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրան»-ի հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելլինի) ցուցադրությունը:

«Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր եւ միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի եւ լույսի ճանապարհ:

Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան եւ ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Դիոնիզին, ով նույնպես կարեւորեց նախաձեռնության իրականացումը:

Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելլինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց եւ Վահե Գևորգյանց): Բոլոր ցուցադրությունները անցկացվում են Կինոյի տան փոքր դահլիճում, եւ միջոցառումների մուտքն ազատ է։



© NEWS.am STYLE