Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը

15:24   27 նոյեմբերի, 2020

72 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։

Այս մասին թատրոնը հայտնել է Facebook-յան էջում։ «Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զավեն Աբրահամյանը 1994 թ.-ից աշխատում է Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում,  որտեղ խաղացել է Մայիս («Սեր, մինչ ի մահ»), Կավալեր («Հյուրանոցի տիրուհին»), Միկիչ («Խանումի արարքները»), Ուստա Կարո («Խելահեղ օր»), Հարբած տղամարդ («Տեր, մի թող մեզ անտեր»), Իսայի («Խաթաբալա»), Թովմաս («Ատամնաբույժն արեւելյան»), Եզոպոս («Եզոպոս»), Էգյուչիկ («Տասներկուերորդ գիշեր»), Դատապարտյալ («Չարենցի ուղղիչ տունը»), Երաժիշտ («Էսպես մինչեւ երբ», Տարոն հայրիկ («Գնա մեռի, արի սիրեմ») եւ այլ ներկայացումներում:

Դերասանը 2004 թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, 2005 թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:



© NEWS.am STYLE