Կոնստանտին Օրբելյանը դիմում է աշխարհի առաջնորդներին ու միջազգային կազմակերպություններին՝ գործադրելու բոլոր ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու համար

18:21   30 նոյեմբերի, 2020

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը բաց նամակ է հղել հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու հարցով։ Այն հրապարակվել է թատրոնի Facebook-յան էջում։

«Թանկագին ընկերներ, բարեկամներ, աշխարհի բարեգութ մարդիկ, այս օրերին իմ եւ հայազգի հազարավոր արտիստներին խորապես մտատանջում է պատերազմի հետեւանքով Ադրբեջանում անմարդկային վիճակում հայտնված ազգությամբ հայ ռազմագերիների ճակատագիրը։ Նրանց վիճակն օրհասական է, եւ մենք ժամ առաջ պետք է ազատենք մեր զավակներին այդ ստրկական պայմաններից։

Դիմում եմ քաղաքակիրթ աշխարհին, մտավորականներին, արվեստագետներին մեզ հետ միասին այս ծայրահեղ դժվար պահին աջակցելու, նպաստելու, որպեսզի այն ամենն, ինչ տեղի է ունենում հայ ռազմագերիների նկատմամբ, վերջ ունենա։ Գործենք այն գիտակցությամբ, որ նրանցից յուրաքանչյուրը մեր զավակն է, մեր ընտանիքի անդամը։ Մեր ամենօրյա գործով եւ աղոթքներով նպաստենք, որպեսզի Ադրբեջանում տանջանքների ենթարկվող հայ ռազմագերիները շուտափույթ փրկության արժանանան։ Դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, որպեսզի գործադրեն բոլոր ջանքերը հայ ռազմագերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ։ Ամենքս անենք մեր մարդասիրական քայլը, կյանքեր փրկենք մեր գործով»,- ասված է նամակում։



© NEWS.am STYLE