«Վալենտինան կենդանի ելույթ է ունեցել, դրանում կասկած չի կարող լինել». սկանդալ «Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթողի շուրջ

20:15   30 նոյեմբերի, 2020

«Եվրատեսիլ»-ում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեքսանդրա Ռեդի-Ամիելը հերքել է երեկվանից տարածվող խոսակցություններն այն մասին, թե «Մանկական Եվրատեսիլ 2020»-ում հաղթող ճանաչված Ֆրանսիայի ներկայացուցիչը՝ Վալենտինան, իր երգը ներկայացրել է ոչ թե կենդանի կատարմամբ, այլ նախապես իրականացված ձայնագրությամբ: Այս մասին գրում է եվրատեսիլյան հայտնի՝ Wiwibloggs կայքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի` 20minutes.fr կայքին տված հարցազրույցը:

Բանն այն է, որ Covid 19-ի տարածման պատճառով այս տարվա մրցույթն առաջին անգամ իրականացվել է առցանց տարբերակով. մասնակիցներից յուրաքանչյուրը ելույթ է ունեցել իր երկրի հեռուստատաղավարից, ինչը երկրպագուների շրջանում մրցույթի արդարության հանդեպ կասկածի տեղիք է տվել: Կայքը, մասնավորապես, ընդգծել է իսպանացի մի քանի երկրպագուների մեկնաբանություններն այն մասին, թե Վալենտինայի հաղթանակը ազնիվ չէր՝ հաշվի առնելով նրա հասցեին հնչեցրած մեղադրանքները:

«Նախ՝ պարզ է, որ ցանկացած մրցույթից հետո լինում են մարդիկ, որոնք դժգոհ են լինում արդյունքից: Երկրորդ՝ մենք կոնկրետ ցուցումներ ունեինք, թե որ պահին ինչ պիտի անեինք, եւ այն փաստը, որ յուրաքանչյուր մասնակից իր իսկ երկրից էր ելույթ ունենում, չի փոխել մրցույթի կանոնները: Մենք բոլորս նույն հրահանգներն ենք ստացել՝ կապված տեսախցիկների քանակի, բեմի չափսերի, էկրանների ձեւի եւ ելույթների հաջորդականության մասին: Ամեն ինչ եղել է ուղիղ եթերով ու ամեն բան հաստատվել է Լեհաստանից: Վալենտինան կենդանի ելույթ է ունեցել, դրանում կասկած չի կարող լինել, եւ նա հրաշալի ձայնային տվյալներ ունի»,-իր խոսքում նշել է Ալեքսանդրան:

Վալենտինան՝ ինքը, Twitter-ի իր էջում անդրադարձել է նմանօրինակ մեկնաբանություններին՝ գրելով.

«Պիտի նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ձեզաից շատերին թվացել է, թե ես կենդանի չեմ կատարում երգս, դա նշանակում է՝ դուք չեք զգացել իմ ձայնի լարվածությունը»:

«Մանկական Եվրատեսիլ 2020»-ի եզրափակիչը կայացել է երեկ՝ նոյեմբերի 29-ին, եւ ուղիղ եթերով հեռարձակվել է Վարշավայից: Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան իր «J'magine» երգով մրցույթի հաղթող է ճանաչվել՝ ինչպես ժյուրիի, այնպես էլ օնլայն քվեարկության արդյունքում: Մրցույթի երկրորդ եւ երրորդ հորիզոնականները, համապատասխանաբար, զբաղեցրել են Ղազախստանի եւ Իսպանիայի ներկայացուցիչները: Այս տարի Հայաստանը չի մասնակցել մրցույթին:



© NEWS.am STYLE