«Չնայած մեկը մյուսին հաջորդած դժբախտություններին՝ հայերը շարունակում են դիմակայել. մեզ դա կրկին կհաջողվի, եւ ես այլեւս ինձ անզոր չեմ զգում». ամերիկահայ պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյան

23:45   7 դեկտեմբերի, 2020

Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը Instagram-ում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է 1988 թ-ի դեկտեմբերի 7-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին: Պրոդյուսերը նշել է, որ հայերը պատմության տարբեր շրջանում անցել են մի շարք փորձությունների միջով, բայց կարողացել են ոտքի կանգնել: Նա վստահություն է հայտնել, որ իր հայրենակիցներին դա կրկին կհաջողվի:

«Ամեն օրը աշխարհում տեղի ունեցած որեւէ ողբերգության հիշատակման օր է: Որպես ամերիկահայ՝ այս օրն ինձ համար հատկանշական է երկու պատճառով. Ամերիկայում մենք այսօր հարգում ենք Պեռլ Հարբորում զոհվածների հիշատակը: Իսկ ամբողջ աշխարհի հայերն այսօր հարգանքի տուրք են մատուցում այն կյանքերին, որոնք ընհատվեցին 1988 թ-ին Սպիտակում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով: Երբ երեխա էի, ես ինձ անզոր էի զգում, բայց ինձ ոգեշնչում էին տարբեր ծագում ունեցող մարդիկ, որոնք պատրաստակամություն էին հայտնում հայերին օգնելու:

Չնայած մեկը մյուսին հաջորդած դժբախտություններին՝ հայերը շարունակում են դիմակայել: Մեզ դա կրկին կհաջողվի, եւ ես այլեւս ինձ անզոր չեմ զգում»,-նշել է պրոդյուսերը:



© NEWS.am STYLE