Դասականի եւ ժամանակակիցի եզակի երկխոսությամբ. Հայաստանում բացվել է գրաֆիկայի ամենամեծ ցուցադրությունը

15:37   14 դեկտեմբերի, 2020

Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում տեղի է ունեցել «Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության պաշտոնական բացումը։

Դեկտեմբերի 12-ին բացված ցուցադրությունն իր տեսակի մեջ ամենամեծն է Հայաստանում։ Այստեղ ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական եւ ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։ Ցուցադրությունը եզակի է նաեւ նրանով, որ դրսեւորում է հայկական կերպարվեստի շարունակականությունն ու կապը սերունդների միջեւ՝ ամբողջացնելով հայկական  գրաֆիկայի դպրոցը։ Այն համագործակցության հարթակ է ստեղծում հատկապես այն արվեստագետների համար, որոնք դեռեւս կայացման փուլում են՝ հնարավորություն ընձեռելով նրանց մտնել կերպարվեստի շուկա, զարգացնել եւ արդիականացնել  այն։

«Ցուցադրության առանցքում արվեստագետ-թանգարան, դասական-ժամանակակից արվեստ երխոսությունն է։ Երկխոսության այս տեսակն առաջին անգամ է կիրառվում Հայաստանում, չնայած որ բավականին արդիական է Եվրոպայում։ Ցուցադրությունը ներկայացնում է այն հսկա ներուժը, որը դեռեւս անհասանելի է հայաստանցի  արվեստասեր հասարակության համար, եւ որը դեռեւս իր ընդերքում պահում է հայկական կերպարվեստը՝ թե դասական եւ  թե ժամանակակից»,- նշում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի հիմնադիր, տնօրեն Արտուշ Մկրտչյանը։

Հայաստանցի արվեստագետներից բացի՝ ցուցադրությանը ներկայացված են նաեւ հայազգի արվեստագետներ աշխարհի շուրջ 15 երկրներից՝ այդ թվում Բրազիլիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից։ Ներկայացված հայկական դասական գրաֆիկայի ականավոր գործիչների շարքում են Հակոբ Կոջոյանը, Մինաս Ավետիսյանը, Գառզուն, Գրիգոր Խանջյանը, Գոհար Իսայանը, Հակոբ Անանիկյանը, Անժելա Սարգսյանը, Կամո Նիգարյանը եւ այլք։ Ժամանակակից արվեստագետներից են Սարգիս Համալբաշյանը, Արարատ Սարգսյանը, Արման Գրիգորյանը, Լիլիթ Նիկողոսյանը, Վահան Թոփչյանը, Արման Համբարձումյանը, Կեվորգ Քասաբյանը, Անի Հովակը եւ այլն։

Ցուցադրությունը կշարունակվի մինչեւ 2021թ.-ի մայիսի 1-ը։ Արվեստասեր հասարակությունը ցուցադրությանը կարող է ծանոթանալ նաեւ առցանց՝ հետեւելով  «Սթիլ» գրաֆիկայի թանգարանի ֆեյսբուքյան էջին։ 



© NEWS.am STYLE