Տղամարդկային արտահայտություններ, որ չեն սիրում կանայք

21:12   23 դեկտեմբերի, 2020

«Կտեսնենք»

Վարկանիշի բացարձակ առաջատարն է: Կինն այս խոսքը լսում է, երբ տղամարդուն դուր չի գալիս թատրոն գնալու կամ ծնողներին հյուր գնալու հեռանկարը: Նա չի կարող հրաժարվել` իմանալով, որ հրաժարումը հավասարազոր է միջազգային սկանդալ հրահրելուն, ստիպված է լինում սահմանափակվել համեստ` «կտեսնենք»-ով: Իր ժողովրդականությամբ երկրորդ նախադասությունը, երբ ցանկանում են խուսափել ուղղակի պատասխանից` «Չգիտեմ»-ն է: «Ի՞նչ ես ուզում ընթրիքին» — «Չգիտեմ»: «Որտե՞ղ ես ուզում հանգստանալու գնալ» — «Չգիտեմ»: «Երեխան կերե՞լ է» — «Չգիտեմ»: «Որտե՞ղ է անձնագիրդ» — «Չգիտեմ»: «Ծնողներին նվեր գնե՞լ ես» — «Չգիտեմ»:

«Իսկ իմ նախկին ընկերուհին…»

Այս ֆրազն ամուսնությունն ավերելու լավագույն միջոցն է: Ամենաակտիվ բլոգերուհիները նույնիսկ մի քանի հաջող պատասխան են ներկայացրել նման հայտարարությանը, օրինակ. «Իսկ որտե՞ղ է հիմա նախկին ընկերուհիդ»: Իր երկրորդ կեսին հնարավոր է վիրավորել նրան ուղղակի համեմատելով որեւէ հայտնի անձի հետ: Բոլորովին խորհուրդ չի տրվում ամեն անգամ, երբ ձեր ընկերուհին կորոշի սենդվիչ կամ կաթնահաց ուտել, կրկնել, որ Հայդի Կլումը 54 կգ է կշռում: Քաշի մասին հիշեցումն ամենացավոտներից է:

«Իսկ մայրիկը դա ուրիշ կերպ է եփում»

Գաղտնաբառ ֆրազ, որը կարող է կնոջը վայրկենապես կատաղության հասցնել: «Էլի քիչ ես աղ լցրել», «Ես երեկ եմ նման բան կերել, էսօր չեմ ուտի»… Նման բան լսելով` կինը լավագույն դեպքում կասի այն ամենը, ինչ մտածում է ընտանեկան ստրկության եւ սկեսրոջ մասին, իսկ վատագույն դեպքում, ձեռքը կմեկնի չուգունե թավային:

«Հիմա …»

Ունիվերսալ տղամարդկային պատասխան է որեւէ բան անելու ցանկացած խնդրանքին: Տղամարդիկ հաճախ չարաշահում են նման ֆրազը` չհասկանալով, որ իրենց «հիմա»-ն անսահմանորեն երկար է տեւում: Սպասման այդ ժամանակի ընթացքում ընթրիքը հասցնում է սառել, սիրելի ֆիլմն ավարտվում է եւ ամենակարեւորը` փչանում է տրամադրությունը:

«Հոմանիշները»

«Հիմա»-ի նման են այնպիսի ֆրազներ, ինչպիսիք են «արդեն գալիս եմ», «շուտով կգամ», «հասնում եմ» եւ այլն, եւ այլն: Կանանց նյարդայնացնում է նաեւ, երբ տղամարդիկ աշխատավայրում իրենց զբաղվածությունն են վկայակոչում (ուրբաթ երեկոյան), խցանումները, գործընկերոջ հետ կարեւոր զրույցը եւ վատ տրամադրությունը:


Նյութը` Creu



© NEWS.am STYLE