Կինոամփոփում. տարվա ձախողումները

20:22   30 դեկտեմբերի, 2020

Ավարտին է մոտենում 2020 թվականը, ասել, որ այն այնքան էլ լավ տարի չէր, նշանակում է ոչինչ չասել:

Կորոնավիրուսը հարվածել է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Ամեն ինչ է փոխվել՝ քաղաքականությունից եւ տնտեսությունից մինչեւ օրվա անհեթեթ կարգը: Բնականաբար, տուժել է նաեւ կինեմատոգրաֆը: Փոխվել են շատ ֆիլմերի պրեմիերաների օրերը, նախագծերը տեղում դոփել են կամ չեն կարողացել սկսել նկարահանումները եւ այլն:

Այդուհանդերձ, այս տարի եւս դիտելու արժանի բան ունեինք:

Ձեզ համար պատրաստել ենք 2 ցուցակ՝ տարվա ձախողումների եւ առաջընթացի: Նշենք, որ սա ամենեւին թոփ չէ, այլ պարզապես ցուցակ, ուստի այդ ցուցակում տեղերը ոչ մի նշանակություն չունեն՝ յուրաքանչյուր կինոնկար հիասթափեցրել է յուրովի:

«Գիշատիչ թռչուններ. Հարլի Քվինի ցնցող պատմությունը»

Գիտեք, որ ամբողջ աշխարհը կարծում էր, թե սա թեթեւ կատակերգություն կլինի սուպերհերոսականության սեթինգով՝ հմայիչ Մարգո Ռոբիի կատարմամբ ուրախ Հարլի Քվինի հետ:

Վերջնարդյունքում՝ կարծես թե, կատակերգություն է, եւ այո, Մարգոն հմայիչ է, ու վերջ: Ֆիլմում այլեւս ոչինչ չկա: Չնայած այնտեղ էլի ինչ-որ բան կա. իսկ հատկապես՝ ուղղակի բութ հայեցակարգը. ֆեմինիզմը առաջ է ընթանում, իսկ բոլոր տղամարդիկ այծեր են:

Տեր Աստված, Հոլիվո՛ւդ, երբ ես խելքի գալու:

«Բլադշոթ»

Ձեզ եմ ներկայացնում ստուդիայի պետերի մտքերը: Պատկերացրեք, օրինակ, աշխատասենյակում ընթացող նիստ. նստած են ստուդիայի բաժինների ղեկավարները եւ որոշում են, թե ինչպիսի ֆիլմ նկարահանեն:

-Հիմա նորաձեւ է կոմիքսների էկրանավորումը:

-Վին Դիզելը զիլ է, տեսնում եք, թե ինչ փող է սարքում «Ֆորսաժ» ֆրանշիզայով: 

-Ժողովուրդը հատուկ էֆեկտներ է սիրում: 

-Պարոնա՛յք, իսկ ինչի՞ մասին է լինելու ֆիլմը: 

-Բոլորի համար միեւնույն է՝ մենք Դիզելի հետ եւ հատուկ էֆեկտներով կոմիքսների էկրանավորում ենք անում:

Եթե որեւէ մեկը կկարողանա ինձ համոզել, որ հենց այսպես էլ չի եղել «Բլադշոթի» դեպքում, ես մեծ հետաքրքրությամբ կլսեմ:

«Բժիշկ Դուլիթլի զարմանալի ճանապարհորդությունը»

Սկզբում բոլորը այս կինոնկարը դիտարկում էին որպես ընտանեկան լսարանին ուղղված բլոքբասթեր, բայց պարզվեց, որ ֆիլմը բեսթսելերի էկրանավորում է, այն էլ 90-ական թվականների:

Ավելին՝ արդեն կա գլխավոր դերում Էդի Մերֆիի հետ էկրանավորումը: Այստեղ առկա է 175 մլն դոլար մեգաբյուջե եւ վերջին 10 տարվա ամենահայփային դերասանը՝ Ռոբերտ Դաունի կրտսերը:

Վերջնարդյունքում ստացել ենք ձանձրալի ֆիլմ՝ գրեթե ոչ մի բանի մասին: Իսկ եթե ֆիլմը դիտարկեք որպես մանկական կինոնկար, ապա արդեն ի վերջո կարող եք հասկանալ, որ մանկական ֆիլմ ամենեւին չի նշանակում հիմար ֆիլմ: 

«Նոր մուտանտներ»

Կինեմատոգրաֆում կա այսպիսի հասկացություն՝ «երկար կառուցվող». այսպես են կոչվում այն կինոնկարները, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում հասնել հանդիսատեսին՝ հարցերի եւ փրոդաքշնի տարբեր փուլերում խնդիրների կուտակի պատճառով:

Եվ ահա, «Նոր մուտանտները» երկար կառուցվողի ամենավառ օրինակներից մեկն է:

Սկզբնապես ֆիլմը պետք է դառնար FOX ստուդիայի «Մուտանտային» ֆրանշիզայի համար նոր հայացք եւ նոր սկիզբ, ինչպես նաեւ դիրքավորվում էր որպես սուպերհերոսական սեթինգում առաջին սարսափ ֆիլմ:

Ֆիլմը պետք է թողարկվեր դեռեւս 2018 թվականին, բայց արդյունքում հետաձգվել է  ամբողջ 6 տարով: Այս բոլոր հետաձգումների, վերանկարահանումների, վերջնանկարահանումների, հայեցակարգի փոփոխության, դերասանների փոփոխության եւ ֆինալային մոնտաժի հետեւանքով (որից, ըստ լուրերի, հրաժարվել է անգամ ֆիլմի ռեժիսորը) այնպիսի շիլա է ստացվել, որ նույնիսկ 5-րդ դիտումից հետո չեք հասկանա, թե ընդհանրապես ինչ եք դիտել:

«Մուլան»

Անմասն չմնացինք Disney ստուդիայի իր իսկ անիմացիոն դասականի ավանդական էկրանավորումից:

Այս անգամ զոհը «Մուլան»-ն էր:

Բայց ինչի՞ց սկսել: Գուցե նրանից, որ մեզ խոստացել էին մասշտաբային կինոնկար, որում չեն լինի առասպելաբանություն եւ հեքիաթայնություն: Այդ նպատակով բացառել էին բոլորի սիրելի Մուշու վիշապիկի հերոսին:

Նրան փոխարինել էին ինչ-որ փյունիկով, որ մեկ այստեղ է թռչում, մեկ այնտեղ եւ օգնում անվերջ շվարած Մուլանին:

Disney-ն այնքան շատ էր փորձում նստել բոլոր աթոռներին, որ անսպասելիորեն ամենուր տապալվեց: Հայտարարվել էր, որ ֆիլմը կողմնորոշված է լինելու դեպի չինացի հանդիսատեսը: Գործնականում արդեն թրեյլերի թողարկումից հետո չինացի հանդիսատեսը վրդովվեց իրենց պատմությունը անարգելու պատճառով: Գումարած գլխավոր դերը կատարած դերասանուհու հետ կապված սկանդալը. հանդիսատեսը ֆիլմը բոյկոտեց:

Արեւմտյան հանդիսատեսը սպասում էր մուլտֆիլմի էկրանավորմանը, բայց ստացավ անհասկանալի մի բան հարցով՝ որտե՞ղ է ծախսվել 200 մլն դոլարը, քանի որ ֆիլմը 3 կոպեկի արժեք ունի: Դե, ի վերջո, կորոնավիրուսի պատճառով Disney-ը հայտարարեց, որ ֆիլմը թողարկվելու է ե՛ւ կինոթատրոններում, ե՛ւ Disney+ սթրիմինգ ծառայությունում, բայց կինոնկարը դիտելու համար ծառայության բաժանորդները, որոնք արդեն վճարել էին բուն ծառայության համար, պետք է նաեւ վճարեն եւս 30 դոլար:

Արդյունքում ամբողջ աշխարհում կինոթատրոնները բոյկոտեցին «Մուլանը», նույն կերպ եւ ամբողջ աշխարհի հանդիսատեսը, այդ թվում՝ չինացի: Ընդ որում՝ Disney-ից հայտարարել են, որ ֆիլմը հաջողակ է եղել սթրիմինգ ծառայությունում, բայց հասույթի թիվը մինչեւ հիմա չեն հրապարակել: 

Շարունակելի

Նորայր Նազարյան



© NEWS.am STYLE