«Եթե այսօր դուք հայտարարում էք, թե այլեւս Արցախը արցախցիների խնդիրն է, վաղը հենց դուք հայտարարելու եք, որ Սյունիքը սյունեցիների խնդիրն է, Գեղարքունիքը՝ գեղարքունիքցիների...». Ժակ

23:29   30 դեկտեմբերի, 2020

Հաղորդավար Հակոբ Պապիկյանը՝ Ժակը, ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ կոչ անելով հայերին զերծ մնալ արցախցի-հայաստանցի տարանջատումներից: «Կանգ առեք, քանի ուշ չէ…»,-գրել է հաղորդավարը:

«Կինս ծագումով Արցախից է, ստացվում է՝ երեխաներս ինչ-որ չափով Արցախցի են, ինչ-որ չափով` Իգդիր֊ Սուրմալուեցի/Լոռեցի/Շիրակցի, ինչպես ես, բայց նախ եւ առաջ՝ նրանք  ՀԱՅ են եւ Հայաստանցի։ Այո՛, Հայաստանցի, որովհետեւ Արցախը դա Հայաստան է եւ վերջ, որովհետեւ Անին Հայաստան է եւ վերջ, Վանը Հայաստան է եւ վերջ... Որովհետեւ մեր հայրենիքի՝ Մեծ Հայքի, ցանկացած բնակավայր դա հայի հայրենիքն է եւ վերջ, իսկ հայի հայրենիքը դա Հայաստանն է։ Հիմա, երբ նկատում եմ, որոշ կենտրոններ(անձինք), որոշ նպատակներով ակտիվորեն փորձում են համոզել, թե մենք կորցրել ենք Արցախը առհավետ, ենթագիտակցորեն վանում եմ այդ պրոպագանդան ինձնից։ Շատ ավելի զազրելի է նկատել Արցախցի-֊Հայաստանցի բաժանմանը միտված ուղեղների լվացման քաղաքականությունը, որի զոհն են դառնում մեր որոշ հայրենակիցներ»,-գրառման մեջ նշել է Ժակը, նաեւ հավելել.

«Եվ այսօր, երբ մշուշոտ է հայկական Արցախի ապագան, մարդիկ կուլ են տալիս սոցիալական ցանցերում տարվող ազգը պառակտող պրոպագանդան, տարանջատում են Արցախցուն Հայաստանցուց,  նկատվում են կոչեր, թե Հայաստանցիները այլեւս պարտավոր չեն պայքարել Արցախի եւ Արցախցիների համար եւ այլ, ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, ախմախություն։ Իհարկե, այս ամենը ունենում է հակընդդեմ եւ վանող ռեակցիա ծանր օրեր ապրող Արցախի մեր հայրենակիցների մոտ։ Այսինքն՝ մենք կուլ ենք տվել խայծը եւ շարժվում ենք մեր էթնոսի տարանջատման ուղղությամբ, ինչի համար առանց այն էլ ստեղծվել են հիանալի պայմաններ։ Իրականում մեզ սպառնում է ոչ միայն տարանջատման վտանգը, այլ նաեւ Չերկեսոհայերի ճակատագիրը, ովքեր, ապրելով կովկասյան միջավայրում, սկզբում ընդօրինակեցին չերկեսական ժողովուրդների լեզուն ու մշակույթը՝ շարունակելով հանդիսանալ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ, իսկ հետո ռուսաֆիկացվեցին եւ ձուլվեցին ռուս ժողովրդին։ Սիրելիներս, եթե այսօր դուք հայտարարում էք, թե այլեւս Արցախը Արցախցիների խնդիրն է, վաղը հենց դուք հայտարարելու եք, որ Սյունիքը սյունեցիների խնդիրն է, Գեղարքունիքը՝ գեղարքունիքցիների։ Իսկ մինչ դուք այդ սին ու ապազգային պնդումներն  եք անում,  թուրքերն ու ադրբեջանցիները, ովքեր խոսում են միեւնույն լեզվով, բայց ունեն տարբեր կրոններ եւ էթնիկ ծագում, լծվել են պանթուրանական իրենց քաղաքականության ի կատար ածմանը՝ միլիմետր առ միլիմետր, գյուղ առ գյուղ պոկելով Մեծ Հայքից մեզ բաժին հասած մեծ հայրենիքի փոքր բեկորից։ Եթե մենք շարունակելու ենք այսպես, ապա մենք կորցնելու ենք ամեն ինչ, նաեւ՝ սփյուռքը, որի պահպանման հիմնասյուններից է միացյալ պատմական Հայաստանի վերականգման երազանքը։ Կանգ առեք, քանի ուշ չէ»։



© NEWS.am STYLE