Մաքսիմ Գալկինը հերքում է Ալլա Պուգաչովայի հետ բաժանման մասին լուրերը

13:04   11 սեպտեմբերի, 2013

Մաքսիմ Գալկինը բողոքել է, որ աշխատանքի պատճառով հազվադեպ է տեսնում կնոջը՝ Ալլա Պուգաչովային: Ըստ Showbiz կայքի, 37-ամյա արտիստը ներկայում զբաղված է «Все могут короли» («Արքաներն ամեն ինչ կարող են») սերիալի նկարահանումներով: Բազմասերիանոց ֆիլմի նկարահանումները մեկնարկել են Մոսկվայում, իսկ շարունակվում են Կիեւում եւ Կամենեց-Պոդոլսկում: Այդ պատճառով Գալկինը հաճախ չի հանդիպում Պուգաչովային:

«Ինձ հեռախոս է անհրաժեշտ, որպեսզի կարողանամ ցանկացած պահի զանգահարել կնոջս: Մենք սովոր ենք երկար զրուցել, ինչ-որ կենցաղային եւ ոչ կենցաղային հարցեր քննարկել: Ալլան շատ է հետաքրքրվում իմ աշխատանքով, ես պատմում եմ այն մասին, թե հիմա ինչ ենք նկարահանում, պատմում եմ, թե ինչ է կատարվել օրվա ընթացքում:

 

Այո, մենք կարոտում ենք միմյանց: Չգիտեմ, թե նախկինում մարդիկ ինչպես են ապրել առանց բջջային հեռախոսի: Արդեն հունիսից ես տանը հազվադեպ եմ լինում: Նախ պատրաստվում էի, մասնագետի հետ ձիավարություն պարապում, ուսուցչի հետ՝ դերասանի վարպետություն: Այնուհետեւ սկսվեցին նկարահանումները, ուղեւորությունները. այդպես էլ անցկացրեցի ամառը: Ինչ վերաբերում է Ալլայի հետ մեր «ամուսնալուծությանը», ապա մենք այդ լուրերին ուշադրություն չենք դարձնում: Նախկինում ես փորձում էի աղբյուր գտնել, պարզել, թե ընդհանրապես որտեղից են վերցնում նման լուրերը: Փորփրեցի հսկայական քանակությամբ կայքեր եւ վերջիվերջո հասա նիհարելու ինչ-որ հրաշալի միջոցի գովազդի:

 

Բայց հիմա մեկ օրինաչափություն եմ բացահայտել. իմ եւ Ալլայի ամուսնալուծության մասին լուրերն ի հայտ են գալիս ամռանը, երբ գրելու բան չկա: Հիմա մեր «բաժանման» առիթը համարում են երիտասարդ ուկրաինական երգչուհու հետ իմ ինչ-որ լուսանկար: Ես երբեք չեմ մերժում լուսանկարվելու առաջարկները, եթե մարդը քաղաքավարությամբ խնդրում է այդ մասին: Հավանաբար, այդ հենց նման դեպքերից է, ինչից էլ որոշել են հոդվածի թեմա սարքել»,- նշել է Գալկինը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պուգաչովան Գալկինից բաժանվել է իրեն դավաճանելու համար եւ, իբր, վռնդել է տանից: Ռուսական էստրադայի Պրիմադոննան նաեւ հրաժարվել էր մեկ բեմում հանդես գալ երիտասարդ ամուսնու հետ: Մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ Պուգաչովան «Рождественские встречи» («Ծննդյան հանդիպումներ») հաղորդումը վարելու է ոչ թե նրա, այլ երգիչ Գրիգորի Լեփսի հետ: 

Երաժշտական երկարատեւ դադարից հետո առաջին անգամ Ալլա Պուգաչովան զուգերգ է կատարելու Լեփսի հետ, ինչպես նաեւ ներկայացնելու է արդեն նախկին ամուսնուն՝ Մաքսիմ Գալկինին նվիրված նոր կոմպոզիցիան:



© NEWS.am STYLE