Աշխարհահռչակ դաշնակահարուհին՝ Արամ Խաչատրյանի, Հայաստանի եւ Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգների մասին

11:55   11 սեպտեմբերի, 2013

Աշխարհահռչակ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը հայ լրագրողներին պատմել է մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Հայաստանի հանդեպ իր վերաբերմունքի, ինչպես նաեւ Նյու Յորքում կազմակերպվող Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգների մասին:

Երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 10-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում դաշնակահարը մասնակցել է Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացմանը եւ նվագախմբի հետ կատարել է Սերգեյ Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան»:

Նա լրագրողներին հայտնել է, որ հինգ անգամ ելույթ է ունեցել Նյու Յորքում կազմակերպվող Հայոց Ցեղասպանության եւ Հոլոքոստի հիշատակին նվիրված համերգներին:

«Նյու Յորքում կազմակերպվում են «Concerts of Universe. Genocide and Holocaust» անվանումով համերգներ: Ես հինգ անգամ մասնակցել եմ դրանց: Այդ տեղի է ունենում աշնանը: Համերգն անցնում է Սուրբ Ջոնի հսկայական եկեղեցում եւ հազարավոր այցելուներ է ունենում: Այդ շատ հայտնի իրադարձություն է, որին միշտ ներկա է լինում քաղաքապետը: Այդ ավանդույթն արդեն 10-15 տարվա պատմություն ունի: Համերգի կազմակերպիչն ինքը՝ Ջերրի Ջեյքոբսը, Հոլոքոստից մազապուրծ եղած մարդկանցից է»,- պատմել է դաշնակահարուհին:

Ջուլիա Զիլբերքվիթը նշել է, որ Նյու Յորքում շատ մեծ հայկական Սփյուռք կա, իսկ Նյու Ջերսիում գտնվում է ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկը, որտեղ հաճախ հավաքվում են «շատ հարգարժան եւ պատվավոր մարդիկ»: Երաժշտի խոսքով, նախկինում ինքը բազմիցս կատարել է հայ կոմպոզիտորների, այդ թվում՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները: «Այո, իհարկե, կատարել եմ: Շատ եմ կատարել Խաչատրյանի գործերը: Ո՞վ է մեծացել առանց Խաչատրյանի: Նա դասական է… Ինձ թվում է՝ Խաչատրյանը մեր երգացանկի նույնպիսի մասնիկն է, ինչպես Բախը, Մոցարտը, Շոստակովիչը: Ես չգիտեմ տարրական կամ միջնակարգ երաժշտական կրթություն ստացած որեւէ մեկի, ով չի նվագել Խաչատրյանի ստեղծագործությունները»,- ընդգծել է Ջուլիան:

Նա նաեւ ներկայացրել է Երեւանից ստացած տպավորությունները՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանի մայրաքաղաքում եւ չափազանց տպավորված է նրա գեղեցկությամբ:

«Ես առաջին անգամ եմ եկել Երեւան: Շատ էի ցանկանում այստեղ հայտնվել: Հանգամանքների բերումով չէր ստացվում… Հիանալի քաղաք է, հիանալի մարդիկ, հիանալի եղանակ, եւ ինչը շատ կարեւոր է՝ հիանալի եղանակ: Եկել եմ Մոսկվայից, որտեղ անձրեւ էր հորդում»,- նշել է երաժիշտը:

Ջուլիա Զիլբերքվիթը մեծ համբավ է վայելում որպես մենակատար եւ նվագախմբի երաժիշտ: Նա հանդես է եկել հռչակավոր այնպիսի երաժշտական կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Բրուքլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային, Գերմանիայի սիմֆոնիկ, Կահիրեի սիմֆոնիկ, «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային եւ շատ ու շատ այլ նվագախմբերը: Զիլբերքվիթը ելույթ է ունեցել նյույորքյան «Քարնեգի Հոլլ»-ում եւ Լինքոլնի կենտրոնի «Էլլիս Հոլլ»-ում:

Դաշնակահարի առաջին ձայնագրությունը՝ The Mystery of Bagatelles-ը, թողարկել է Naxos ընկերությունը, 2007 թվականին: 

2008-ին Լեոն Բոթշթայնի եւ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Զիլբերքվիթը ներկայացրել է Սլոնիմսկու դաշնամուրի եւ նվագախմբի համար «Հրեական Ռապսոդիան», որ գրվել է Իսրայելի 60-ամյակի առիթով: Այս ստեղծագործությունը նվիրված է հենց իրեն՝ դաշնակահարուհուն:

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE