«Բոնդի ընկերուհի» Տանյա Ռոբերթսը մահացել է իր մահվան մասին հաղորդագրությունից մեկ օր անց

09:21   6 հունվարի, 2021

65 տարեկանում Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում մահացել է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Տանյա Ռոբերթսը, հայտնում է TMZ-ն՝ վկայակոչելով նրա ընկերոջ խոսքերը։

Ընդ որում, երկուշաբթի օրը, վկայակոչելով Ռոբերթսի ներկայացուցչին, հաղորդվել էր, որ նա կլինիկայում մահացել է դեռ հունվարի 3-ին։ Սակայն պարզվել էր, որ Ռոբերթսը ողջ է եւ ծանր վիճակում գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Դերասանուհու ընկերը՝ Լենս Օ՛Բրայենը, հայտնել է, որ երեքշաբթի իրեն են զանգահարել բժշկական կենտրոնից ու հայտնել, որ Ռոբերթսն, ամեն դեպքում, հեռացել է կյանքից։ Խառնաշփոթը տեղի էր ունեցել նրա սխալի հետեւանքով. Օ՛Բրայենը կարծել էր, թե կինն արդեն մահացել է եւ լքել էր հիվանդանոցը՝ առանց անձնակազմի հետ խոսելու։

Դերասանուհուն հոսպիտալացրել էին Սուրբ ծննդյան նախօրեին, նա կորցրել էր գիտակցությունը շների հետ զբոսանքի ընթացքում։ Օ՛Բրայենի խոսքով՝ խոսքն անհայտ հիվանդության մասին է, որը երիկամների ու լյարդի աշխատանքի խանգարում է առաջացրել։

Տանյա Ռոբերթսը խաղացել է 1985թ.-ի «Հայացք սպանությանը» ֆիլմում, որում նրա զուգընկերը Ռոջեր Մուրն էր, որը կատարել է Ջեյմս Բոնդի դերը։

Ռոբերթսը գլխավոր դերը կատարել է նաեւ այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կենդանիների տիրակալը», «Շինա՝ ջունգլիների թագուհի», «Գրեթե հղի»։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE