Նոր ձեւաչափ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում. ինչպես մուլտիմեդիա տեխնոլոգիաների շնորհիվ նոր շունչ տալ 40-ամյա թանգարանին

19:29   11 հունվարի, 2021

Վերջերս Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվեց «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։ Յուրօրինակ ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։ Այս նոր ձեւաչափը կնպաստի այցելուների թվի աճին, մանավանդ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության կենտրոններից է, իսկ քաղաքի միակ մշակութային օջախը 1980թ. հիմնադրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է, որը տարեկան շուրջ ութ հազար այցելու է ունենում:

Տուն-թանգարանի այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին եւ տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։

1928-1932թթ. Սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու եւ երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր պահում: Ստալինի` 1932թ. հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաեւ Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա դիմեց այդ տարիների համար աննախադեպ քայլի. նամակ գրեց Ստալինին ու բացատրեց, թե այդ քայլը ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը եւ մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի հետ: Օրբելին ստացավ իր նամակի դրական պատասխանը, որը փրկեց ոչ միայն Էրմիտաժը, այլև երկրի շատ մշակութային օջախներ: Այդ քայլով նա կարողացավ փրկել և սերունդներին հանձնել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի հյուրերը. դա անկասկած Հովսեփ Օրբելու արժանիքն է:

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձեւաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:

«Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ մեր նոր կրթական ծրագիրը, որը իրականացվել է ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջացառումներին» դրամաշնորհային ծրագրով, կարող է հիանալի նվեր լինել աշակերտների համար:

Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին անցկացրել է պեղումներ քաղաքամայր Անիում, Վանում եւ Ամբերդում: Պեղումների արդյունքում Անիից դուրս են բերվել բազմաթիվ հնագիտական նյութեր, Ամբերդից՝ ծաղրածուի կմախք եւ աքաղաղ, իսկ Վանում դուրս է բերվել Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը:

Խաղի էությունը կայանում է նրանում, որ երեխան կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը՝ Անի, Ամբերդ կամ Վան, կարող է ընտրել նաեւ պեղումների համար անհրաժեշտ գործիքներ: Արդյունքում՝ օրինակ եթե պեղվել է Ամբերդը ու դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, երեխան էկրանի վրա կկարդա «Ամբերդի ծաղրածուի» մասին հետաքրքիր պատմությունը, իսկ որպես մրցանակ երեխային կտրվի միջնադարյան առակ՝ բացիկի տեսքով:

Մենք նոր կրթական ծրագիր ունենք նաեւ փոքրիկների համար։ Ուզո՞ւմ եք իմանալ, ովքեր են հանճարեղ գիտնականները, ուրեմն դիտեք «Նրանք երեքն էին» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է Օրբելի եղբայրների կյանքի մասին:

Այս ծրագրերը դարձել են տուն-թանգարանի մշտական ցուցադրության մասը եւ արդիականացրել ծառայությունների մատուցման ձեւերը՝ նոր տեխնոլոգիաների շնորհիվ, որը կնպաստի նաեւ զբոսաշրջության զարգացմանը: 2020թ. Օրբելի եղբայրների տուն-թանգարանը նշեց հիմնադրման 40-ամյակը, իսկ այս ծրագերի ներդնումը լավագույն նվերն էր տուն-թանգարանի համար:

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի տնօրեն՝ Մարինե Բունիաթյան



© NEWS.am STYLE