Չաք Նորիսը հերքել է իր մասնակցությունը Կապիտոլիումի մոտ բողոքի գործողություններին

16:05   13 հունվարի, 2021

Ամերիկացի դերասան Չաք Նորիսը հերքել է սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները հունվարի 6-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի շենքի մոտ, բողոքի ցույցին մասնակցելու մասին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Վերջերս իմացա, որ Կապիտոլիումում անկարգությունների ընթացքում Չաք Նորիսի նմանակն է եղել։ Դա ես չեմ եղել, ես այնտեղ չեմ եղել»,- գրել է դերասանը։ Նորիսը կարծիք է հայտնել, որ ամերիկյան հասարակությունում «ոչ մի տեսակի բռնությունը տեղի չունի»։ Նա հավելել է, որ միշտ հանդես է եկել եւ հանդես է գալու հօգուտ օրենքի ու կարգուկանոնի։  

Ավելի վաղ Չաք Նորիսին կասկածել էին ի աջակցություն ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի անցկացված ցույցին մասնակցելու մեջ։ Լուսանկարը, որում իբրեւ արտիստն է պատկերված, ի սկզբանե հրապարակել է մասնակից Մեթ Բլեդսոն, իսկ հետո լուսանկարը հայտնվել է համացանում։

Հունվարի 7-ին ԱՄՆ կոնգրեսը հաստասել է Ջո Բայդենի հաղթանակը։  Նախօրեին Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումը։ Ավելի ուշ շենք ազատվել էր բազմությունից։

Չաք Նորիսն ամերիկացի դերասան է ու մարտարվեստի վարպետ։ Նա հայտնիություն է ձեռք բերել հեռուստասերիալում Քորդել Ուոքերի դերակատարմամբ։

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE