Բարեւ 70-ականներ. 2021-ի 8 ամենանորաձեւ սանրվածքները (ֆոտո)

22:05   16 հունվարի, 2021

Նախորդ 12 ամիսները սովորեցրին կանանց ապրել առանց ամեն օր գեղեցկության սրահներ այցելությունների, հետեւաբար 2021-ն առաջարկում է պարզ սանրվածքներ, որոնք կարող եք ստանալ նաեւ ինքնուրույն՝ տան պայմաններում: Կարճ ասած՝ բարի գալուստ 70-ականներ:

Instyle.com կայքն առանձնացրել է 8 թրենդային սանրվածք՝ 2021-ի համար:

Անհավասար կտրվածք

Այս սանրվածքը ենթադրում է կարճ կտրվածք առջեւի հատվածում եւ երկար կտրվածք՝ հետեւից: Այսպիսի սանրվածքը վերջին շրջանում հաճախ ասոցացվում է երգչուհի Մայլի Սայրուսի հետ: Ըստ ոճաբան Ջասթին Մարջանի՝ նման կտրվածքի դեպքում մազերին կարելի է քսել ծավալ հաղորդող չոր շամպուն:

Գանգուր մազափունջ

70-ականներին այնքան նորաձեւ գանգուրներով մազափունջը վերադառնում է: Ոճաբանի խոսքով՝ մազափունջն ավելի շքեղ տեսք է հաղորդում գանգուր վարսերին՝ դրանք դարձնելով ավելի ծավալուն ու փարթամ: Նա, այնուամենայնիվ, զգուշացնում է վարսահարդարներին ավելի երկար թողնել մազափունջը կտրելիս, որպեսզի այն գանգրացնելիս ճակատից վերեւ չբարձրանա:

Մինիմալ հարդարում պահանջող շերտեր

Շերտերը մազերին հաղորդում են ոչ միայն յուրահատուկ տեսք, այլեւ ծավալ, բացի այդ՝ դրանք կարելի է շատ հեշտ խնամել. պարզապես վարսահարդարիչով չորացնելով կստանաք հետաքրքիր եւ ոճային տեսք:

Գզգզված վարսեր

Գզգզված սանրվածքը տարբեր ժամանակահատվածներում թրենդային է նայվել, իսկ 2021-ին այն վերադառնում է դեպի կողք սանրված մազափնջի հետ, չնայած՝ առանց դրա էլ բավական հետաքրքիր է նայվում:

«Խայտաբղետ» շերտեր

Ավելի միջին չափի սանրվածքի համար ընտրեք «խայտաբղետ» շերտեր, որոնք ընդգծում են դեմքը: Այսպիսի սանրվածքով հաճախ կտեսնեք Պրիյանկա Չոպրային:

Բոբ

Այս լեգենդար սանրվածքի սիրահարներին շատապենք ուրախացնել՝ Բոբը վերադառնում է նորաձեւություն: Այսպիսի կտրվածքը շատ գեղեցիկ է նայվում ուղիղ, ամուր եւ փայլուն վարսերին: Եթե ավելի փարթամ սանրվածքի սիրահար եք, վարսահարդարիչի միջոցով ալիքներ հաղորդեք ծայրերին:

Դեպի կողք սանրված մազափունջ

Այսպիսի մազափունջը թրեդային էր նաեւ 2020-ին, իսկ 2021-ին այն նոր շունչ կստանա: Այն ոչ միայն գեղեցիկ տեսք է հաղորդում սանրվածքին, այլեւ ի տարբերություն ավանդական մազափնջին՝ ավելի նրբագեղ է դարձնում դեմքը:

Երկար մազեր

Եթե ձեր մազերը երկար չեն, միշտ էլ կարող եք օգտագործել արհեստական մազեր. դրանք նաեւ հետաքրքիր կդարձնեն ձեր կերպարը: Ըստ տրամադրության կարող եք ներկայանալ կամ երկար կարճ մազերով:

Լուսանկարները՝ Steve Granitz/Getty Images, Leon Bennet/Getty Images, Amy Sussman/Getty Images, Pinterest, Getty Images, Frazer Harrison/Getty Images



© NEWS.am STYLE