«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակության մեջ կհայտնվեն երկու նոր հերոսուհիներ

10:07   19 հունվարի, 2021

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի շարունակությունում Սամանտա Ջոնսի փոխարեն կհայտնվեն երկու նոր հերոսուհիներ՝ աֆրոամերիկուհի եւ ասիացի։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Շոուի ստեղծմանը մոտ կանգնած աղբյուրը պատմել է, որ Կիմ Քեթրոլի կերպարի փոխարեն հանդիսատեսին կցուցադրեն «ուժեղ եւ հանդուգն գունավոր կանանց, որոնք կօգնեն սերիալը ներկայացնել նոր սերնդին եւ ավելի ճշգրիտ փոխանցել այն աշխարհը, որում մենք ապրում ենք»: Պարբերականի զրուցակիցը նշել է, որ հիմարություն կլիներ Նյու Յորքի բազմամշակութային կյանքը ցուցադրել միայն սպիտակամորթ կերպարների աչքերով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սեքսը մեծ քաղաքում»-ը շարունակություն է ստացել, որը կթողարկվի HBO Max հարթակում: And Just Like That սիքվելը բաղկացած կլինի տասը դրվագներից։ Նկարահանումները կսկսվեն գարնանը Նյու Յորքում։ Թողարկման ամսաթիվը դեռ չի բացահայտվում։

Սերիալի աստղեր Սառա Ջեսիկա Փարքերը, Սինտիա Նիքսոնը եւ Քրիստին Դեւիսը 1-ական միլիոն դոլար կստանան հեռուստաշոուի շարունակության յուրաքանչյուր դրվագի համար: Բոլոր երեք դերասանուհիները ոչ միայն գլխավոր դերեր են խաղացել, այլեւ հանդես են եկել նախագծի գործադիր պրոդյուսերներ:



© NEWS.am STYLE