«Դեռ չեմ պատկերացնում` ինչպես եմ համերգներ ունենալու. հոգեպես առայժմ պատրաստ չեմ». Անուշիկ Ալավերդյանը՝ ընտանեկան ֆոտոշարքի, բեմը կարոտելու եւ նոր գործունեության մասին

17:05   19 հունվարի, 2021

Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյան քույրերն ընտանեկան ֆոտոշարք են իրականացրել, որում մասնակցել են նաեւ մայրը եւ հայրը՝ «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանը:  Ֆոտոշարքն ազգային մոտիվներով է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անուշիկը պատմել է, որ ամբողջ ընտանիքին ֆոտոշարքի շուրջ համախմբելը Արեւիկի միտքն է եղել, որը Փարիզից վերադառնալով ծրագրել է լուսանկարահանումները:

«Միշտ նմանատիպ նկարներ նայելիս գաղափարը շատ հավանել ենք, բայց մեր մտքով երբեք չէր անցել այդպես լուսանկարվել, ու մի օր Արեւիկը եկավ եւ ասաց, որ պատրաստվենք ֆոտոշարքի: Արդյունքը, կարծում եմ, հրաշալի էր: Ամեն ինչ հեշտ կազմակերպեցինք, ու սիրով մասնակցեցինք նկարահանմանը: Ամուսինս փոքր-ինչ խուսափում էր, որովհետեւ այնքան էլ չի սիրում լուսանկարվել, բայց իրեն էլ է արդյունքը շատ դուր եկել: Այն, ինչը մերն է, պետք է պահպանել, պետք է փայփայել եւ հնարավորինս շատ տարածել: Այն տարազները, որոնցով լուսանկարվել ենք, հին` հայկական տարբեր տարածաշրջաններին պատկանող տարազներ են, եւ ֆոտոշարքի հիմնական մեսիջը հենց դա է` մեր հնագույն մշակույթը պետք է պահպանել»,-նշել է երգչուհին:

Անդրադառնալով 2020-ի դժվարություններին՝ Անուշիկը խոստովանել է՝ ծանր տարին իր ներսում էլ է փոփոխություններ բերել.

«Պետք է գնահատես այն, ինչ ունես այս պահին ու ավել բան չխնդրես Աստծուց: Շատ բաներ, որոնց մասին երազում էի, այսօր էլ երազանք չեն, նույնիսկ, աղոթելիս  Աստծուց միայն մի բան եմ խնդրում` խաղաղություն ու առողջություն, մնացած բաների համար, այսպես ասած, չեմ անհանգստացնում»:

Մեզ հետ զրույցում Անուշիկը խոսել է նաեւ կորոնավիրուսով պայմանավորված աշխատանքային սահմանափակումների մասին: Թեեւ երգչուհին չի դադարել իր մի շարք գործունեությունները, բայց հասցրել է կարոտել բեմը.

«Համերգների բացակայությունն էր շատ դժվար... Բեմի մարդիկ սովոր են միշտ ելույթներ ունենալ, շփվել հանդիսատեսի հետ, բայց, մոտավորապես, մեկ տարի ես դա չեմ ունեցել: Սակայն ունեցել եմ այլ նորություններ կապված երաժշտական գործունեությանս հետ. չեմ դադարել երգել, պարապել, դասավանդել, բացել եմ իմ ստուդիան... Մի նորություն եւս ունեցա` կարանտինի ընթացքում միտք առաջացավ ստեղծել մանկական գլխարկների վինտաժ հավաքածու, կարծում եմ` այն մեծ հաջողություն ունեցավ: Միայն բեմն եմ շատ կարոտել, ու հույս ունեմ, որ 2021-ին փոքրիկ քայլերով կսկսենք աշխատել, չնայած դեռ չեմ պատկերացնում` ինչպես եմ համերգներ ունենալու, որովհետեւ հոգեպես առայժմ պատրաստ չեմ»:

Իսկ 2021-ից երգչուհին մի բան է միայն խնդրում՝ «Միակ բանը, որ սպասում եմ, մի փոքր խաղաղվելն է»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ «Մարաշլեան» ֆոտոստուդիոյի



© NEWS.am STYLE