«Փոփոխությունս կապված չէ անձնականիս հետ. հոգնել էի «խուճուճ», «փափուկ» աղջիկ լինելուց». մոդել-դերասանուհի Սրբուհի Ավանեսյանն՝ իր կտրուկ ոճափոխության մասին (ֆոտո)

18:03   20 հունվարի, 2021

Մոդել-դերասանուհի Սրբուհի Ավանեսյանին ոճային փոփոխությունները խորթ չեն: Սրբուհին անցած տարի հրաժարվեց իր շեկ վարսերից՝ վերածվելով կարմրահերի, իսկ վերջերս՝ իր ծննդյան օրը, մոդելը հերթական անգամ շոկի ենթարկեց մտերիմներին՝ հայտնվելով կարճ կտրված մանուշակագույն վարսերով: Իր ոճափոխության եւ դրան նախորդած հոգեվիճակի մասին Սրբուհին պատմել է NEWS.am STYLE-ին:

«Ինձ թվում է` բոլոր աղջիկների մոտ գալիս է մի պահ, որ ուզում ես ինչ-որ փոփոխություն անել` կամ հագուստի ոճում, կամ ինչ-որ նոր վայրում հայտնվել, իսկ ես որոշեցի կտրել վարսերս, որովհետեւ հոգնել էի «խուճուճ», «փափուկ» աղջիկ լինելուց, ու ծննդյանս նախորդող օրը ցանկացա կտրուկ մի բան անել: Դրա մասին ոչ մեկին չէի ասել միայն ծննդյանս օրը բոլորը տեսան նոր կերպարս»,-ասում է մոդելը:

Սրբուհին, որը երբեք չի խուսափում անդրադառնալ նաեւ իր անձնական կյանքին՝ չի հերքում, որ նախկին ոճային փոփոխությունը կապված էր սիրելիից բաժանվելու դեպրեսիվ շրջանի հետ, սակայն նրա խոսքով՝ այժմ բաց է թողել այդ հոգեվիճակն ու նոր փոփոխությունը բոլորովին նոր բան է խորհրդանշում:

«2020-ն ինձ համար շատ վատ, դեպրեսիվ տարի էր, եւ բոլոր փոփոխություններս կատարվել են անձնականից ելնելով` սկզբում դարձա շիկահեր, հետո` կարմրահեր, այնուհետեւ տրամադրությունիցս ելնելով` վերադարձա սեւ մազերին, բայց որոշեցի 2021-ը սկսել նոր շնչով ու բաց թողնել այն ամենն, ինչ ինձ հետ կատարվել էր 2020-ին: Այժմյան մազերիս  փոփոխությունը կապված չէ անձնականիս հետ, պարզապես այն ինձ նոր շունչ տվեց` նոր կյանքի, նոր քայլեր անելու համար: Ինձ կարճ սանրվածքս շատ է դուր գալիս, այն խնամելը շատ հեշտ է, ինչն այդպես չէ գանգուր վարսերի դեպքում (գանգրահերները կհասկանան ինձ): Հիմա ինձ շատ հարմարավետ եմ զգում»,-ասում է նա, իսկ պատասխանելով հարցին՝ արդյոք չի՞ հասցրել կարոտել երկար գանգուրները, նշում է.

«Ես երբեք երկար մազեր չեմ սիրել ու հիմա չեմ կարոտում մազերս: Իմ դեպքում մազերս շատ էին վնասվել, ինչի արդյունքում դրանք խնամելն ինձ համար շատ բարդ էր դարձել, այնպես, որ մազերս կտրելն այս պահին ամենաճիշտ որոշումն էր, որ երբեւէ արել եմ: Չգիտեմ` ինչու ընտրեցի մանուշակագույնը, երեւի, որովհետեւ այն շատ տարբերվում է, շատ գեղեցիկ ու յուրահատուկ երանգ է, որը կարծում եմ` իմ կերպարին ու բնավորությանը շատ է սազում` ամեն ինչից կտրված: Գույնն ինձ լավագույնս բնութագրում է` գունավոր, վառ... Այն, որ պատրաստվում էի մազերս կտրել, գիտեին միայն իմ մտերիմներից մի քանիսը, բայց, նույնիսկ, նրանք չգիտեին, որ պատրաստվում էի այսպիսի վառ երանգ ընտրել, ու ծննդյանս օրվա հյուրերը շոկի մեջ էին` տեսնելով փոփոխությունս: Բոլորին նոր կերպարս դուր եկավ, չնայած նկատում էին, որ բոլորվին նոր Սրբուկ էին տեսնում»:

Այս շրջանում Սրբուհին հանդես է գալիս «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Հարցին՝ արդյոք հեռուստադիտողն իր հերոսուհուն կտեսնի՞ նոր կերպարում, Սրբուհին պատասխանեց.

«Դեռ չգիտեմ` ինչ կլինի «Սարի աղջիկ» ֆիլմում իմ կերպարի հետ, բայց նոր նախագծեր իմ մասնակցությամբ սպասվում են, ու ինձ թվում է` իմ նոր կերպարն ավելի հետաքրքիր ու տարբերվող կլինի, որովհետեւ թող գոռոզություն չթվա, բայց կարծում եմ` Հայաստանում դեռ այսպիսի կերպար չկա: Իսկ բոլոր աղջիկներին ուզում եմ խորհուրդ տալ, որ ռիսկի դիմեն: Եթե ձեր մտքով անցնում է, օրինակ, կտրել ձեր մազերը, համարձակորեն գնացեք այդ քայլին, եղեք տարբերվող, յուրահատուկ, առավել եւս, որ մազերը ժամանակի ընթացքում երկարում են»:

 Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Beglarian Photography



© NEWS.am STYLE