15:34 12 սեպտեմբերի, 2013Շուտով մեր երաժշտասերներին հսկայական անակնալ է սպասվում. Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 23-ից 29-ը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ կկայանա Music Week in Yerevan փառատոնը:
Փառատոնն անցնելու է յուրօրինակ ձեւաչափով. յուրաքանչյուր օրը սկսվելու է «Հարդասենյակում»՝ շոումեն, պրոդյուսեր եւ փառատոնի գլխավոր ռեժիսոր Էմիլ Կարատի մասնակցությամբ թոք-շոուով: Միջոցառմանը մասնակցելու է նաեւ ռուսաստանյան հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան:

Փառատոնային օրերից յուրաքանչյուրը նվիրված է լինելու առանձին երաժշտական ժանրի. սեպտեմբերի 24-ին կկայանա ժողովրդական երգի երեկո, 25-ին կհնչի ռոք երաժշտություն, 26-ին նախատեսված է դասական երաժշտության համերգ, 27-ին՝ ջազ, 28-ին՝ էստրադա, իսկ 29-ին տեղի կունենա վառ եւ գունեղ գալա-համերգ:
Փառատոնին մասնակցելու են ժամանակակից վառ եւ տաղանդավոր երաժիշտներ ու կոլեկտիվներ. Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Dorians ռոք խումբը, Հայաստանի ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանը եւ Օֆելյա Համբարձումյանը, հայտնի ջազմեններ Մարիամ Մերաբովան, Լեւոն Մալխասյանը (Մալխասը), Արմեն Հյուսնունցը, Վահագն Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանը:

Անմասն չեն մնա նաեւ սիրված էստրադային երգիչներ Էռնա Յուզբաշյանը, Արթուր Գրիգորյանը, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Հայկոն եւ Հասմիկ Սիմոնյանը, Ռազմիկ Ամյանը, Էմմին, Սոֆի Մխեյանը, Արամեն, Էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արմինկան, Մերի Մնջոյանը եւ այլք:
Տոմսեր կամ ամբողջ փառատոնի համար աբոնեմենտներ գնել ցանկացողները կարող են զանգահարել 56-56-97 եւ 091 36-36-86 հեռախոսահամարներով: