EXCLUSIVE: Մարիաննա Հարությունյանի շքեղ գլխազարդը՝ Ջենիֆեր Լոպեսի «In The Morning» տեսահոլովակում. դիզայները՝ Ջեյ Լոյի ու Լեդի Գագայի հետ աշխատանքի եւ 2020-ի իր ապրումների մասին

18:31   21 հունվարի, 2021

Ամերիկահայ՝ զարդերի դիզայներ Մարիաննա Հարությունյանի ձեռագիրը հնարավոր չէ շփոթել մեկ այլ դիզայների ձեռագրի հետ: Նրա յուրահատկությունը վաղուց բացահայտել են նաեւ համաշխարհային շոու-բիզնեսի աստղերը, որոնք հետաքրքիր զարդերի պատվերներ կատարելիս, միանշանակ, ընտրում են հայ դիզայներին:

2020-ին Մարիաննայի պատրաստած շքեղ թագը հայտնվեց Լեդի Գագայի՝ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված 911 տեսահոլովակի հերոսներից Արքայի գլխին, իսկ օրերս կայացավ Ջենիֆեր Լոպեսի In The Morning տեսահոլովակի պրեմիերան, որտեղ 51-ամյա Լոպեսը կրում է հենց Մարիաննայի պատրաստած բյուրեղյա գլխազարդը:

Աշխարհահռճակ հայտնիներից Մարիաննայի աշխատանքների երկրպագուներն են նաեւ Բեյոնսեն, Գվեն Ստեֆանին, Մադոննան, Կարա Դելեւինը, Նիքի Մինաժը, Փինքը եւ այլք, որոնք, պարբերաբար, ներկայանում են հայուհու զարդերով:

NEWS.am STYLE-ի ընթերցողները Մարիաննայի հետ մեր զրույցները կարդալու առիթներ արդեն ունեցել են՝ չէ՞ որ, մեզ համար միշտ էլ հաճելի է լուսաբանել մեր հայրենակիցների համաշխարհային հաջողությունները: Մարիաննայի հետ մեր նոր զրույցը Ջենիֆեր Լոպեսի եւ Լեդի Գագայի հետ նրա հերթական համագործակցությունների մասին էր: Դիզայները խոսել է նաեւ Հայաստանի եւ Արցախի համար իր ունեցած ապրումների եւ Covid 19-ի պատճառած վնասների մասին:

Թե´ Ջեյ Լոյի, թե´ Գագայի հետ հանրահայտ հայուհին մի քանի անգամ աշխատելու առիթներ ունեցել է: Նրա խոսքով՝ այս երկու դիվաների հետ աշխատելը մեծ հպարտություն եւ երջանկություն է: Անդրադառնալով Լոպեսի In The Morning տեսահոլովակին՝ Մարիաննան պատմում է.

«Ինձ հերթական համագործակցության համար դիմել են Ջենիֆեր Լոպեսի ոճաբանները՝ Մարիել Հաենը եւ Ռոբ Զանգարդին: Ժամանակի սղության պատճառով ես չէի կարող պատրաստել նոր գլխազարդ, բայց, բարեբախտաբար, իմ հավաքածուում արդեն ունեի նման մի նմուշ, որից նրանք փնտրում էին, եւ այն Ջենիֆերին կատարյալ սազեց, այնպես որ՝ անգամ վրան լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք չեղավ: Նաեւ եղունգներին դրվող մատանիներ եմ պատրաստել հատուկ տվյալ գլխազարդի համար»:

Բրիտանական Vogue-ն անդրադառնալով երգչուհու նոր տեսահոլովակին՝ այն անվանել է «նորաձեւության եթերային ֆանտազիա», իսկ Մարիաննայի պատրաստած գլխազարդով look-ը՝ «նորաձեւության գլուխգործոց»: Դիզայները խոստովանում է՝ հաճելի է նման բնութագրումների արժանանալը, միեւնույն ժամանակ հավելում,-«Ես, պարզապես փորձում եմ կյանքի կոչել իմ գաղափարները: Իհարկե, շնորհակալ եմ եւ շոյված նման գնահատականի համար, սա ինձ համար երազանք էր: Մեծ օրհնանք է, երբ կարողանում ես անել այն, ինչը քեզ հոգեհարազատ է»:

Ինչ վերաբերում է Գագայի 911-ին՝ դիզայները, նույնիսկ, չի պատկերացրել, որ այն ոգեշնչված է լինելու հայկական մշակույթից.

«Լեդի Գագայի հետ աշխատելը միշտ ոգեւորիչ է: Ինձ առաջարկեցին նրա համար գլխազարդ պատրաստել տեսահոլովակի նկարահանումից մեկ շաբաթ առաջ: Ինձ ուղարկեցին մի քանի սքեթչ, թե ինչպիսին են պատկերացնում, որ լինի գլխազարդը, եւ ես այն հատուկ պատրաստեցի տվյալ տեսահոլովակի համար: Սովորաբար, մի որոշ ժամանակ եմ խնդրում, որպեսզի պատրաստեմ նման զարդ, բայց քանի որ նրանք բացարձակ ժամանակ չունեին, ես ժամեր շարունակ աշխատել եմ գլխազարդը ճիշտ ժամանակին ավարտին հասցնելու համար: Ինքս այդ նկարահանմանը ներկա չեմ եղել, կարծում եմ՝ ոչ մի դիզաներ էլ չի եղել նկարահանման հրապարակում, բայց, իհարկե, շատ հետաքրքիր կլիներ տեսնել այդ ամբողջ գործընթացը: Ես, նույնիսկ, չգիտեի, որ այն ոգեշնչված է լինելու Փարաջանովից, երեւի դա տեսահոլովակի ամենամեծ գաղտնիքն էր, եւ ինձ համար մեծ անակնկալ էր, երբ առաջին անգամ դիտեցի այն ու բացահայտեցի դրա ոգեշնչման աղբյուրը»:

2020 թ-ի սեպտեմբերի 27-ից սկսած Մարիաննան համացանցում ակտիվորեն աջակցում էր իր հայրենակիցներին՝ քննադատելով եւ դատապարտելով ադրբեջանա-թուրքական գործողությունները: Վերհիշելով այդ ժամանակաշրջանը՝ դիզայները նշում է.

«2020-ը, կարելի է ասել, շատ խառը էմոցիաներով լի տարի էր: Ինչպես աշխարհում մյուս բոլոր հայերը, ես եւս տեղս չէի կարողանում գտնել: Մենք բոլորս անցանք աննկարագրելի ցավի ու տխրության միջով, մինչ օրս էլ այդ տառապանքները շարունակվում են: Հայաստանը միշտ իմ սրտում է, թեեւ ես այդտեղ չեմ ապրում: Շատ դժվար էր ստեղծագործելն ու աշխատելը, երբ գիտեիր, թե ինչեր էին կատարվում հայրենիքումդ: Ես համոզված եմ, որ մենք այս փորձությունն էլ կհաղթահարենք եւ ավելի ուժեղ կդառնանք, քան նախկինում էինք… Մեզ հնարավոր չէ հաղթել՝ երբեք չեն կարողացել, հիմա էլ չի հաջողվի»:

Մարիաննայից հետաքրքրվեցինք նաեւ, թե որքանով է դժվար եղել աշխատելը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների շրջանում.

«Ինչ վերաբերում է Covid-ին՝ անդադար անհանգստության մեջ եմ ապրում՝ ոչ միայն ինձ, այլեւ ծնողներիս եւ տարեց բարեկամներիս համար: ԱՄՆ-ում արդեն մոտ 400, 000 մարդ է մահացել այս վիրուսի պատճառով:

Կորոնավիրուսն, իսկապես, մեծ վնաս հասցրեց նաեւ փոքր բիզնեսներին: Այն խոչընդոտեց նաեւ իմ աշխատանքին՝ «Դիսնեյլենդի», մի շարք տեսահոլովակների եւ այլ զվարճանքների հետ կապված: Դժվար ժամանակներ ենք ապրում, բայց ես փորձում եմ մեծ էներգիա դնել այն ամենի մեջ, ինչ ստեղծում եմ՝ հույս ունենալով, որ շատ շուտով ամեն ինչ կընթանա իր նորմալ հունով: Այսօր ես հույսով աղոթում եմ ավելի առողջ ու պայծառ 2021-ի համար: Այս պահին աշխատում եմ նոր զարդերի շուրջ եւ անհամբեր եմ, թե երբ եմ դրանք ներկայացնելու հանրությանը: Մի տեսակ լավատեսությամբ եմ լցված 2021-ի հանդեպ, չնայած՝ ես եւ ոլորտի մյուս մասնագետները դեռ կամաց-կամաց քայլերով ենք շարժվում առաջ, բայց ստեղծագործելն ինձ փրկում է»,-ասում է դիզայներն ու հավելում,-«Նաեւ զարդերի մի քանի նմուշ եմ պատրաստել Թայրա Բենքսի եւ երգչուհի Բրենդիի համար: Թայրայի զարդը նախատեսված էր «Պարեր աստղերի հետ» նախագծի համար, Բրենդիի դեպքում դեռ շատ բան չգիտեմ: Երբեմն ես ինքս էլ մինչ նախագծի եթերում հայտնվելը չեմ իմանում, թե ինչի համար են աստղերն օգտագործելու իմ զարդերը»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE