Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում են Բեթհովենի սիմֆոնիաները՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ

14:27   25 հունվարի, 2021

Աշխարհի ամենախոշոր եւ հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում եւ ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։

Նվագախումբն իր «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում այս օրերին գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ձայնագրության համար կատարում է հանճարեղ կոմպոզիտորի Թիվ 1, Թիվ 2 և Թիվ 5 սիմֆոնիաները՝ 9 պլանավորվածից։ Ձայնագրման եւ տեսագրման աշխատանքներն իրականացվում են Արամ Խաչատրյան համերգասրահում։

14 հոգանոց անձնակազմը, Մարիինյան թատրոնի լավագույն մասնագետների գլխավորությամբ, իր հետ մեր երկիր է բերել բարձրորակ ու գերժամանակակից տեսանկարահանող եւ ձայնագրող տեխնիկա՝ այդ թվում՝ 2 PTS սարք, ինչպես նաեւ ժամանել է 5 օպերատոր, որոնք նկարահանումներն իրականացնում են 10 դիրքերից, որպեսզի արդյունքում ստեղծվի բարձրակարգ ձայն ու պատկեր։ Վերջինս էլ իր հերթին կտարածվի միջազգային հարթակներում՝ լավագույնս ներկայացնելով հայաստանյան դասական արվեստը։ Ի դեպ, հենց այս մասնագետներն են ստեղծում հանրահայտ Mariinsky TV-ի ամբողջ արտադրանքը։

«Մեզ համար մեծ պատիվ է, որ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևը համաձայնել եւ Հայաստան է ուղարկել նման բարձրակարգ մասնագետների՝ «Գրեմիի» առաջադրված ձայնային ռեժիսոր Իլյա Պետրովի, բեմադրող ռեժիսոր Դմիտրի Կազակովի և գլխավոր օպերատոր Արսենիյ Նիկոլաևի ղեկավարությամբ։ Սանկտ Պետերբուրգից ժամանած մասնագետները բարձր են գնահատել նվագախմբի կատարողական մակարդակն և մաեստրո Թոփչյանի վարպետությունը ու նվիրվածությունը, ձայնի և լույսի տեղի մասնագետների հմտությունները եւ դահլիճի անձնակազմի պատրաստակամությունը․ ի դեպ նրանք Մարիինյան թատրոնի մասնագետներին են աջակցում ձայնագրման ամբողջ ընթացքում։ Շուտով հանրությունը հնարավորություն կունենա տեսնել եւ լսել արդյունքը: Մենք կունենանք ե՛ւ վիդեո, ե՛ւ աուդիո բարձրորակ արտադրանք, որը պետք է տարածենք տարբեր եղանակներով»,-նշում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը, ով հենց կազմակերպել է Մարիինյան թատրոնի թիմի այցը Հայաստան։

«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում: Փառատոնի շրջանակում արդեն իսկ տեղի է ունեցել երկու սիմֆոնիկ եւ երկու կամերային համերգ։ 2021 թվականի ընթացքում սպասվում են մի շարք բեթհովենյան համերգներ ՀԱՖՆ-ը նախատեսում է 2021 թ.-ի ավարտել Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաների ձայնագրությունները:

 



© NEWS.am STYLE