Սուպերմոդել Հայդի Քլումի 16-ամյա դուստրն առաջին անգամ միայնակ ֆոտորաշքի է մասնակցել

20:23   27 հունվարի, 2021

Գերմանացի հայտնի սուպերմոդել եւ հեռուստահաղորդավարուհի Հայդի Քլումի դուստրը` 16-ամյա Լենի Քլումը, շարունակում է իր ճանապարհը դեպի նորաձեւության օլիմպոս։ Քլումը լուսանկարվել է «HUNGER» ամսագրի համար։ Սեւ-սպիտակ լուսանկարները շատ ոճային են ստացվել։ Ավելի վաղ Լենին աստղային մայրիկի հետ մասնակցել է «Vogue» ամսագրի նկարահանումներին։

Երկրպագուները նշել են, որ դեռատի Լենին ժառանգել է մայրիկի գրավչությունն ու տեսախցիկի առջեւ իրեն դրսեւորելու կարողությունը, ինչպես նաեւ նրա համար նորաձեւության բիզնեսում մեծ ապագա են կանխագուշակել։  

Հայդի Քլումն առաջնեկին լույս աշխարհ է բերել իտալացի գործարար Ֆլավիո Բրիատորեից՝ «Ֆորմուլա 1»-ի մենեջերից։ Նրանց հարաբերությունները կարճատեւ են եղել. զույգը բաժանվել է, երբ Քլումը դեռ հղի էր։ Աղջկան, որի ամբողջական անունը Հելեն է, պաշտոնապես որդեգրել է բրիտանացի սեւամորթ երգիչ Սիլը, որի հետ մոդելն ամուսնացել է 2005թ.-ին։ Սիլը ներկա է եղել Լենիի լույս աշխարհ գալուն։

Բացի Լենիից՝ Հայդին ու Սիլը երեք ընդհանուր երեխա ունեն՝ որդիները՝ Հենրին եւ Յոհանը (նրանք համապատասխանաբար 15 եւ 14 տարեկան են) եւ 11-ամյա դուսրը՝ Լուն։ Ամուսինները բաժանվել են 2014թ.-ին։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE