«Անտունի». «Քալաշյան» պարարվեստի դպրոցի նոր տեսահոլովակը նվիրված է հայ զինվորին

16:04   28 հունվարի, 2021

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը ներկայացրել է «Անտունի» նոր տեսահոլովակը, որը նվիրված է 2020-ի պատերազմին, հերոս, մեր ապրելու համար կյանք տված եւ մեր կողքին հիմա ապրող հայ զինվորին: Միտքն առաջացել է պատերազմի ընթացքում, բայց իրագործվել ավարտից հետո:

Տեսահոլովակում գեղարվեստական ղեկավար Ասատուր Քալաշյանի բեմադրությունն իրականություն են դարձրել «Քալաշյան» պրոֆեսիոնալ պարային դպրոցի սաները, իսկ մենակատարը դպրոցի գլխավոր փորձավարուհի Աննա Քալաշյանն է:

«Մենք փորձել ենք ակտիվացնել մշակույթն ի օգուտ այս դժվարին օրերի, ես գտնում եմ, որ հենց այս օրերին մենք արվեստում ունենք շատ անելիքներ՝ լրացնելու համար այն բացը, որը գոյացել է հիմա մարդկանց մեջ: Մշակութային մարդիկ իրենց ստեղծագործություններով պետք է կարողանան ազգին հույսի ճանապարհ ցույց տալ, որ մարդիկ իրենց կյանքը կարողանան շարունակել նոր կետից»,- նշում է Ասատուր Քալաշյանը:

Երաժշտությունը կոմպոզիտոր Գեորգի Գուրջիեւինն է, իսկ դաշնակահարը Հայկ Մելիքյանն է: Բեմադրող օպերատորն Արթուր Օրդոյանն է: Տեսահոլովակում պատերազմից առաջ գործող շքեղ դահլիճ է, որին հաջորդում է ավերվածը, որը հիշեցնում է Շուշիում հակառակորդի հրթիռակոծությունից ավերված մշակույթի տունը: Սյուժեն Ասատուր Քալաշյանինն է:

«Քալաշյան» պարարվեստի դպրոցը գործում է 7 տարի, ունեցել է բազմաթիվ համերգներ և մենահամերգներ, իսկ «Անտունին» նրանց մեկնարկային տեսահոլովակն է:



© NEWS.am STYLE