Սեւակ Ամրոյանի «Հրամանատար» տեսահոլովակի պրեմիերան, շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (ֆոտո/վիդեո)

00:03   29 հունվարի, 2021

Այսօր՝ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, կայացավ Սեւակ Ամրոյանի «Հրամանատար» երգի տեսահոլովակի պրեմիերան ու շնորհանդեսը, որը սկսվեց հոտնկայս ծափահարություններով ու շնորհակալության խոսքերով:

Երգը նվիրված է փոխգնդապետ Աշոտ Չոբանյանին. այն հեղինակել է երգահան Էդմոնդ Մակարյանը, գործիքավորումը կատարել է Դեր Հովան, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սեւակ Ամրոյանը նշեց, որ ստեղծագործական թիմի հետ վերջին շրջանում հաճախակի են համագործակցում, աշխատել են նաեւ «Մեզ ոչինչ չի հաղթի» երգի ու տեսահոլովակի շուրջ:

««Հրամանատար» երգը՝ Աշոտ Չոբանյանի գլխավորությամբ, նվիրված է մեր բոլոր հրամանատարներին եւ զինվորականներին: Տեսահոլովակում օգտագործվել են իրական կադրեր, հրամանատարներից նկարներ եւ այլ սիմվոլիկա: Շատ կարճ ժամանակում ենք պատրաստել ամեն ինչ»,-մանրամասնեց երգիչը:

Երգահան Էդմոնդ Մակարյանն էլ խոստովանեց՝ երգն իր մյուս ստեղծագործություններից տարբերվում է պատասխանատվության ու շնորհակալության զգացողություններով.

«Բոլորիս սրտերում հիմա իրարամերժ զգացողոթյուններ են՝ հպարտություն, որ ունենք այսպիսի հերոսներ եւ ափսոսանք, որ, ցավոք, այդ հերոսներն այսօր մեր կողքին չեն՝ ի դեմս Աշոտ Չոբանյանի եւ մյուսների: Կարծում եմ՝ այսօր եւ այսուհետ մենք Հայոց բանակի օրը պետք է ոչ թե միմյանց ասենք «շնորհավոր», այլ առաջնահերթ՝ շնորհակալ լինենք այն հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին: Շնորհակալ ենք մեր տղաներին, որոնք ծնկի չեկան թուրքի առաջ եւ իրենց շնորհիվ չծնկեցինք նաեւ մենք:

Ի տարբերություն մյուս բոլոր երգերիս՝ այս մեկը հեղինակելը մի փոքր այլ էր ինձ համար, քանի որ, երբ դու գրում ես հրամանատարի՝ քո կողքին քեզ զուգահեռ կյանքում ապրող մարդու մասին, որը կյանքը տվել է հանուն քեզ, քո ընտանիքի, հանուն բոլորի, մի փոքր հոգեբանական դժվարություններ են առաջանում»,-իր խոսքում նշեց նա:

Տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին, ինչպես փոխգնդապետի հարազատներն ու ընկերները, այնպես էլ հայկական շոու-բիզնեսից հայտնի դեմքեր: Մանրամասները՝ մեր ֆոտո եւ վիդեո ռեպորտաժներում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE