Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը՝ ամուսնու, հարսանեկան արարողության եւ ընտանեկան կյանքի մասին. NEWS.am STYLE-ի բացառիկ հարցազրույցը

18:09   13 սեպտեմբերի, 2013

Մոդել, դերասանուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի հարսանեկան արարողությունը, սիրահարված լինելը եւ նոր՝ «Նախաճաշ 2-ի համար» ֆիլմում նկարահանվելն այս օրերին ամենաքննարկվող թեմաներից են: Եվ չնայած զբաղվածությանը, «Վիցե-միսս Եվրոպա 2005» տիտղոսը կրող գեղեցկուհին ժամանակ գտավ NEWS.am STYLE-ի հարցերին պատասխանելու համար:

Լուսինե, այնքան բան կա Ձեզ հարցնելու: Եկեք սկսենք ֆիլմից: Վերջերս կայացավ «Նախաճաշ 2-ի համար» կատակերգության պրեմիերան, որտեղ դուք մարմնավորել եք գլխավոր հերոսուհիներից մեկին: Կպատմե՞ք ավելի մանրամասն:

Քանի որ ֆիլմվ այժմ մեծ էկրաններին է, չեմ ուզում բացել փակագծերը: Ծիծաղելի պատմություն է, որի շուրջ կարելի է մտածել, թե ինչպես մի փոքր ստից կարող է ծնվել մի մեծ պատմություն: Ստի մասին է ֆիլմը՝ անմիտ, չմտածված ստի:

Իսկ նմա՞ն էր այդ հերոսուհին Ձեզ:

Ոչ, բոլորովին: Եվ այդ նույնիսկ ավելի հետաքրքիր էր: Չնայած դժվար գործ էր, բայց ռեժիսորների, նկարահանող խմբի անդամների օգնությամբ կարողացա նրան կերտել, դերի մեջ մտնել:

Անցնենք թիվ մեկ թեմային, որը հետաքրքրում է գրեթե բոլորին: Ինչպե՞ս եք Ձեզ զգում ամուսնացած կնոջ կարգավիճակում: Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում:

Դե... Մեր տանից հեռացել եմ (ծիծաղում է): Սակայն Արթուրի հետ շատ հեշտ է: Ես սկզբում մտածում էի, որ շատ դաժան կլինի այս պահը, սակայն նա այնքան հասկացող է, որ ամեն ինչ անում է, որ ես չնեղվեմ: Երեւի թե Արթուրից է նաեւ գալիս այն, որ ամեն ինչ շատ սահուն կերպով է ընթանում:

 

Ինչպե՞ս եք նրա հետ ծանոթացել:

Ծաղկաձորում, դահուկ քշելիս: Ես վաղուց եմ դահուկ քշում, նա՝ նույնպես, երեք տարեկանից: Դահուկային սպորտն իր համար մի ուրիշ աշխարհ է: Այնպես ստացվեց, որ իմ ընկերներից մեկը նրան ճանաչում էր: Եվ մեր ծանոթանալուց հետո նա սկսեց աշխատել իմ ուղղությամբ: Այն առումով, որ լավացնեմ դահուկ քշելու իմ հմտությունները: Այդպես ծանոթացել ենք, 4 ամիս հետո նշանվել ենք, 8 ամիս անց՝ ամուսնացել:

Երկուսո՞վ եք ապրում:

Այո, երկուսով: Չէի ասի, որ ամեն առավոտ նախաճաշ եմ պատրաստում նրա համար, բայց երբեմն պատահում է: Նաեւ ճաշ եմ պատրաստում: Բորշչից սկսած ամեն ինչ կարող եմ եփել: Այդ սովորել եմ իմ մայրիկից: Յուրաքանչյուր մարդ սիրում է իր համեմունքներն ավելացնել ուտեստների մեջ: Իսկ ես սիրում եմ մայրիկիս եփածը: Այդ պատճառով փորձում եմ նույնատիպ եփել, որ կարողանամ ուտել:

 

Նորից մի քիչ հետ վերադառնանք: Իսկ ամուսնության առաջարկն ինչպե՞ս ստացաք:

Շատ ռոմանտիկ: Այդ ամենը կատարվեց այն նույն տեղում, որտեղ առաջին անգամ երկուսով ընթրել էինք: Նա ինձ «Սուշիտորիա» էր հրավիրել: Եվ երբ վերջում բերում են գուշակություններով բլիթները (fortune cookies), ես շատ լրջորեն դրանք միշտ կարդում էի: Այդ երեկո, երբ բերեցին, միջից գտա ամուսնության առաջակություն: Համաձայնվեցի (ժպտում է):

Իսկ հարսանիքի մանրամասներից կպատմե՞ք:

Ասեմ, որ ամեն ինչ երկուսով ենք արել: Ուզում էինք, որ ամեն ինչ մտածված լիներ: Այդպես էլ եղավ: Միշտ երազել եմ, որ հարսանիքս փակ տարածքում չլինի: Այդ պատճառով ընտրեցինք մի հանգստյան տուն Աղվերանում, լողավազանով, բացօթյա մեծ տարածքով: Շուրջ 200 հյուր ունեինք: Եվ ոչ մեկը դժգոհ չի գնացել, հավատացնում եմ: Այնքան լավ անցավ ամեն ինչ, կարծես հեքիաթ լիներ:

Իսկ տարոսի՞կը, տո՞րթը:

Տարոսիկները գուշակություններով բլիթներ էին, երկաթից պատրաստված, վրան փորագրված էին մեր անունները: Տորթը չորս հարկ ուներ, ձմեռային ոճով էր: Մեկ հարկը եղեւնիներով էր, մյուսը՝ ձյան փաթիլներով, վերջինն էլ՝ կոկոսով, կարծես ձյունապատ լիներ: Եվ ավանդական հարսի եւ փեսայի փոքրիկ արձանիկների փոխարեն դահուկային զգեստով ես ու ամուսինս էինք: Ամեն ինչ մտածված էր եւ յուրահատուկ: Հենց այդպես էլ ուզում էի: Չնայած, որ շատ էի հոգնում հարսանիքի պատրաստություններից:

Իսկ ինչու՞ այժմ մեղրամիսը չեք վայելում:

Անպայման գնալու ենք: Պարզապես ես չեմ ուզում Երեւանից հիմա հեռանալ: Այնքան եմ սիրում եղանակն աշնան սկզբին: Մի քիչ ցրտելուց հետո անպայման գնալու ենք մեղրամիս վայելելու: Եվ ուզում ենք որեւէ կղզի գնալ, բայց դեռ չենք որոշել, թե ուր:

Դուք այսօր խաղում եք ֆիլմերում, վարում եք երեկոներ, փայլում բեմերում: Սակայն, միեւնույն է, մարդիկ Լուսինե Թովմասյանի անունը լսելուց հիշում են «Վիցե-միսս Եվրոպա» տիտղոսը: Ըստ Ձեզ, ի՞նչ ավելի գերազանցող բան կարող եք անել, որ այդ վերանա՞:

Ավելին կամ պակաս անելու խնդիրը չէ: Պարզապես դա իմ ամենամեծ ձեռքբերումն էր եւ ես առաջինն էի Հայաստանից, ով արժանացավ այդ տիտղոսին: Միգուցե այդ էր պատճառը, որ մարդկանց մոտ դա է ասոցացվում ինձ հետ կապված: Եվ, կարծում եմ, ինչ էլ անեմ, միեւնույն է, այդ են հիշելու:

Շնորհակալություն, որ ժամանակ գտաք մեր հարցերին պատասխանելու:

Ձեզ նույնպես շնորհակալություն:

Զրուցեց Մարինա Ադուլյանը

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Օգտագործվել են նաեւ լուսանկարներ Լուսինե Թովմասյանի անձնական արխիվից



© NEWS.am STYLE